ԲԱ ԶԻՆՎՈՐԻՆ ԷՍՊԵ՞Ս ԵՆ ՍԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ արդեն զորացրվում են, սակայն նրանց զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով, մի շարք դեպքերում էլ ուղղակի առանց համապատասխան գրառման են: Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն:

Դեռեւս 2016 թվականի նոյեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ զինվորականների ծնողներից ստանում էր ահազանգեր, որ իրենց երեխաները քառօրյա պատերազմի մասնակից են եղել, սակայն զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին կնիք չեն դնում, կա՛մ փոփոխում են՝ անվավեր նշումներով, շատ դեպքերում էլ կնիքը դրված է լինում, բայց նաեւ «սրբագրվում» է, որ նա չի մասնակցել մարտական գործողություններին:
Դեռեւես անցած տարվա նոյեմբերին այս խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի հետամուտ լինեն եւ խնդրին լուծում տան: Նույն հարցով դիմեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակին: Սակայն իրավիճակը չփոխվեց. ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ե՛ւ ԼՂՀ ՊԲ-ն մատը մատին չտվեցին զինվորի արժանապատվությունը վերականգնելու հարցում:
Եվ ահա երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը արթնացել է քնից ու հաթաթաներով լի մի հայտարարություն տարածել, թե մի՛ շահարկեք.«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետեւյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»:
Իհարկե, անփութությունից ապահովագրված չէ որեւէ գերատեսչություն, բայց տվյալ դեպքում ներկայացվածն առավել անկեղծ կընկալվեր, եթե ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեր կոնկրետ զորամասի կոնկրետ պաշտոնատար անձանց անունները, որոնք անփութություն են թույլ տվել՝ զինվորներին թողնելով բախտի քմահաճույքին:
Հատուկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ Արցախի դատախազ Արթուր Մոսիյանին հիշեցնենք, որ պաշտոնական անփութությունը կոնկրետ քրեական հանցանք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներով:
Իսկ ի՞նչ ունենք մենք. առաջնագծում ինքնամոռաց կյանք տված, մեր հայրենիքի սահմանները պաշտպանած շարքային զինվորականներ, որոնք գնահատված չեն պետական որոշ կառույցների կողմից: Բա ո՞ւր մնաց ազգ-բանակ վերամբարձ գաղափարախոսությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այդ գաղափարը սահմանափակվեց միայն 1000 դրամների հավաքագրմամբ:
Այդ ի՞նչ կարեւոր արտոնություններից պիտի օգտվեն մեր զինվորները, որ պետական մակարդակով այդ տարրական «կամեցողությունը» չի դրսեւորվում: Թե արհեստական խնդիր են սարքել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեծ շուքով լուծեն:
Այս հարցերի պատասխանը հուսանք՝ առաջիկայում կստանանք:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ, ով անդրադառնալով խնդրին՝ ասաց. «Ես կոնկրետ տեսել եմ զինգրքույկում ջնջած, փոխած դեպքեր եւ կոնկրետ հարցում եմ արել: Եվ ես պարզեցի, որ, իրոք, անփութություն է եղել: Շարքային մասի պետի անփութությունն է եղել, անգրագիտությունը: Եթե սխալվել էին, պետք է գիծ քաշեին, գրեին, որ սխալը մեր կողմից է, եւ երկրորդ կնիքը դնեին, իսկ իրենք բռնել, անգրագետ ձեւով ուղղել են սխալը: Ես տեղեկություններ ունեմ, որ բոլորին բռնել, գրել են, որ մասնակցել են, բայց դա այդպես չի եղել: Օրինակ՝ ասենք՝ 5-րդ պաշտպանական շրջանը, որտեղ կատարվել են մարտական գործողությունները, մասնակցել են ուղիղ կեսը, երկու գումարտակ եղել է դիրքերում, երկու գումարտակ եղել է հանգստում: Երկու գումարտակն է մասնակցել, բայց իրենք բռնել, բոլորին են գրել եւ հիմա ուղիղ կեսին պետք է գրեն, որ չի մասնակցել: Եվ ինչպես պետք է գրեն, պետք է ուղղեն, իսկ ուղղման ձեւ կա, ոչ թե պետք է ջնջեին, դա կեղծում է, այլ պետք է գիծ քաշեին, գրեին, որ սխալը մեր կողմից է, եւ երկրորդ կնիքը դնեին: Ես ստացել եմ սպառիչ պատասխան զորամիավորման հրամանատարից, եւ իսկապես այդպես է եղել, բոլորը չէ, որ մասնակցել են, ու ճիշտ չէ չմասնակցած մարդուն բերեն, ասեն՝ մասնակցել է: Ես առաջարկում եմ զինվորներին ինձ դիմել նման հարցերում, ես կփորձեմ միջամտել հրամանատարական կազմի մոտ»:
Նախկին պատգամավորը վերջում ընդգծեց. «Դե, եթե Լելե Թեփեի բարձունքը հանձնողին պատիժ չկա, ինչու նման չնչին բանի համար պետք է մարդ պատժվի»: Իհարկե:
Հ. Գ. Նկատենք, որ այս խնդրին երեկ ուշացումով արձագանքեց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ խոստանալով ուսումնասիրել խնդիրը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն էլ է ուսումնասիրում: Մինչդեռ կոնկրետ արդյունքներ են պետք:

 

 

 
ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄ՝ 600 ՀԱԶԱՐԻ ԴԻՄԱՑ

Կեղծ դիպլոմներ տրամադրելու առիթով հարուցված քրեական գործերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին եւս մեկ նմանօրինակ դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

2016 թվականի նոյեմբերի 28-ին քաղաքացի Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ցանկացել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Եւ իր նպատակը իրագործելու համար դիմել է «Տերնոպոլ» ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանին, որպեսզի նա օգնի ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Տեղեկացանք, որ «Տերնոպոլ» ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանը համաձայնել է օգնել Շուշան Հովհաննիսյանին՝ նրանից պահանջելով 600 հազար դրամ: Եվ այդ գումարի դիմաց դասախոսը Շուշան Հովհաննիսյանին է տրամադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Օրերից մի օր, երբ Շուշան Հովհաննիսյանը 2015թ. սեպտեմբերի 28-ին վերահաստատման նպատակով իր ունեցած դիպլոմը ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հենց այդ ժամանակ էլ կեղծիքը հայտնաբերվել է:
Պարզեցինք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունն այս գործը ուղարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալի աթոռին է հայտնվել միայն Շուշան Հովհաննիսյանը: Այս դեպքում զարմանալի է, թե ինչու է իրավապահների աչքից վրիպել «Տերնոպոլ» ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանը: Հավելենք, որ Շուշան Հովհաննիսյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2013 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի շարք մարդկանց անուններով կեղծ տեղեկանքներ է պատրաստել, որոնք վերջիններս օգտագործելով՝ 2012թ. մայիսի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ներկայացրել են «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակ, կնքել են վարկային պայմանագիր ու վարկ ստացել: Այս արարքի համար նրան պատիժ էր սահմանվել 450 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ոչ պետական երեք բուհերի ռեկտորների: Նրանք մեղադրվում են կեղծ հիմքերով ավարտական դիպլոմներ տրամադրելու մեջ: Այս գործով նախաքննությունը դեռեւս ԱԱԾ-ում շարունակվում է:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ՊԵԿ-ԻՑ ԱՐՏԱՀՈՍՔ Է ՍԿՍՎԵԼ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում պաշտոնյաների մեծ հոսք է սկսվել: Իսկ ո՞րն է պատճառը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային հարկային տեսչությունում ընդհուպ մինչեւ տարածքային տեսչության պետերը աշխատանքից ազատման դիմումներ են գրում: Եւ ինչպես ցույց են տալիս զարգացումները, արտահոսքը բավականին խորը արմատներ ունի: Մարդիկ հոգնել են այդ համակարգի հետ գործ ունենալու մտքից անգամ:
Նախ հիշեցնենք, որ այս տարվա հունվարին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի տարածքային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը: Այն, որ վերջինիս ազատումը պատահականություն չէր, հասկանալի էր ի սկզբանե: Հրապարակվել էր, որ Հրանտ Կարապետյանը, տարիներ ի վեր լինելով Մաշտոցի հարկայինի պետ, այդտեղ պահել է ապօրինի բաժին, որը զբաղված է եղել փող հավաքելով: Թեեւ նրան տեղափոխեցին Գավառ, սակայն ստիպեցին ազատման դիմում գրել եւ հեռանալ:
Նախօրեին տեղեկացանք, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության պետ Նաիրի Բախշյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրա ազատման փաստը Սեւանի հարկային տեսչությունում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Մասնավորապես այն, որ Նաիրի Բախշյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել ՀՀ ԿԱ ՊԵԿ Սեւանի տարածքային հարկային տեսչության պետ, ինչու պետք է ազատման դիմում գրեր:
Պարզվում է՝ բոլոր պետերին աշխատանքի նշանակելիս խիստ հրահանգվել է՝ մաքուր աշխատել: Բայց քանի որ «մաքուր աշխատելու» դեպքում հարկայինի աշխատակից լինելը ամենեւին էլ եկամտաբեր չէ, ուստի շատ ղեկավարներ գերադասում են դիմում գրել ու հեռանալ:
Թեեւ Նաիրի Բախշյանի հեռացման մասով մի վարկած էլ է շրջանառվում: Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Դրանից հետո սկսեցին նրա մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը: Քանի որ Նաիրի Բախշյանը եւ Հովիկ Աբրահամյանը համակուրսեցիներ են եղել, չի բացառվում, որ ազատումն այս ֆոնի վրա եղած լինի:
Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ հատկապես պետեկամուտների կոմիտեն վերջին շրջանում լուրջ փորձությունների ենթարկվեց: Մեկ միացավ ֆինանսների նախարարությանը, մեկ առանձնացավ, այդ ընթացքում 3 ղեկավար փոխվեց: Ու այդ բոլոր վայրիվերումները աշխատակիցների համար իսկական գլխացավանք են դարձել: Մինչեւ հարմարվում են մի ղեկավարին, փոխվում է: Մինչեւ մյուսի մոտ են «ծանոթ գտնում», հասկանում են, որ «ուշ է»: Ահա մեր պետական համակարգի պերճանքն ու թշվառությունը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս