ԾԻԳ-Ը ՎԱՏՆԵԼ Է Ե՛Վ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ, Ե՛Վ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարվա մարտի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ուսումնասիրություններ է իրականացրել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում եւ բացահայտել, որ հատկացված վարկային եւ բյուջետային միջոցները ԾԻԳ-ը ծախսել է ոչ նպատակային:

Մասնավորապես դպրոցական կահույքի ձեռքբերման նախահաշվային արժեքը շուրջ երկու անգամ բարձր է ստացվել: Ձեւավորված 5 խմբաքանակներով իրականացված գնման արդյունքում նույն տեխնիկական բնութագրերով նույն ապրանքը կազմակերպությունների կողմից տարբեր խմբաքանակներում առաջարկվել է գնային էական տարբերությամբ: Այսպես՝ աշակերտական սեղանի առաջարկված նվազագույն գինը կազմել է 11 հազար 748 դրամ, առավելագույնը` 26 հազար 400 դրամ, տարբերությունը կազմել է 14 հազար 652 դրամ: Աշակերտական աթոռի նվազագույն գինը կազմել է 6 հազար 456 դրամ, առավելագույնը` 14 հազար 400 դրամ, տարբերությունը` 7 հազար 944 դրամ: Գրապահարանի նվազագույն գինը կազմել է 29 հազար 748 դրամ, առավելագույնը` 67 հազար 200 դրամ, տարբերությունը` 37 հազար 452 դրամ եւ այլն: Նաեւ ուսուցչական աթոռի գները բարձր են շուկայում առկա նույն աթոռի գներից: Ըստ ՎՊ հաշվարկների՝ եթե ԾԻԳ-ը խմբաքանակները ձեւավորեր այլ սկզբունքով` ըստ առանձին անուն ապրանքների կամ ըստ իրար փոխլրացնող ապրանքների, ապա կարող էր տնտեսել շուրջ 200 մլն դրամ: Սա դեռ ամենը չէ. պարզվել է, որ դպրոցներին մատակարարված աշակերտական եւ ուսուցչական աթոռները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրի որոշ պահանջների: Իսկ, ահա, Լոռու մարզի երկու դպրոցներին՝ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 եւ Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ դպրոցներին, մատակարարվել է կրկնակի կահույք եւ համակարգչային սարքավորումներ:
ՎՊ-ի հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ ԾԻԳ-ի կողմից նախատեսվել է լաբորատոր սարքավորումներ ձեռք բերել մանկավարժական 5 բուհերի համար: Գնման ենթակա լաբորատոր սարքավորումների նախահաշվային արժեքը կազմել է 600 հազար դոլար, որը համարժեք է 284 մլն 970 հազար դրամի: Իսկ 2015 թվականի հուլիսի 1-ի՝ ԿԳՆ-ի գրությամբ առաջարկվել է նույն լաբորատոր սարքավորումների երեքական համակազմ հատկացնել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին: Բայց, ըստ ՎՊ-ի, տվյալ ՓԲԸ-ն մանկավարժական բուհ չի հանդիսանում, երբեւիցե մասնագիտական կրթական ծրագիր չի իրականացրել: Իսկ այդ համակազմերը նախատեսված են եղել մանկավարժական կադրեր պատրաստող մանկավարժական բուհերի համար:
Բացի այս՝ Գավառի պետական համալսարանում ֆիզիկա, քիմիա, Գորիսի պետական համալսարանում քիմիա, աշխարհագրություն, Վանաձորի պետական համալսարանում քիմիա առարկաների գծով, դրանց բացակայության պատճառով մասնագետներ չեն պատրաստում: ՎՊ-ն պարզել է, որ այդ առարկաների գծով նշված երեք բուհերին մոտ 39 մլն դրամ արժեքով լաբորատոր սարքավորումների հատկացումը հիմնավորված չէ, հետեւաբար ԾԻԳ-ը վարկային եւ բյուջետային միջոցները նպատակային չի օգտագործել:
«Ժողովուրդ»-ը ՎՊ հաշվետվությունից տեղեկացավ նաեւ, որ «Աշխատանքի վարձատրություն» հոդվածի տնտեսումների հաշվին 2015 թվականի նոյեմբերի 30-ին ԾԻԳ-ի տնօրենի հրամանով եւ ՀՀ ֆինանսների նախարարության՝ դեկտեմբերի 17-ի թույլտվությամբ ԾԻԳ-ի աշխատակիցները յուրաքանչյուր հրամանի շրջանակում պարգեւատրվել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, այսինքն` պարգեւատրվել են կրկնակի: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 18 մլն 200 հազար դրամ, որն աշխատավարձի ֆոնդի 14 տոկոսն է: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված ԾԻԳ-ի պահպանման ծախսերի՝ 2015 թվականի նախահաշվով վառելիքի ծախս է նախատեսվել 3 ավտոմեքենայի համար (4 մլն 656 հազար 900 դրամի 9533 լիտր բենզին), այն դեպքում, երբ շահագործվել է 2-ը, կամ ավել է նախատեսվել 1 մլն 392 հազար 200 դրամի 2 հազար 850 լիտր բենզին: Չեն պահպանվել նաեւ ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի որոշմամբ սահմանված բենզինի ծախսի նորմաները, ինչի արդյունքում ավելի է ծախսվել 838 լիտր բենզին (343 հազար 600 դրամ):
Ահա, այսպես՝ պարբերական բնույթ կրող չարաշահումների, վատնումների կամ էլ, վարչապետի ասած, «պրիմիտիվ գողությունների» արդյունքում ունենք այսպիսի տխուր պատկեր: Իսկ թե դրա համար ով ում «ողնաշարը պետք է կոտրի», հայտնի չէ:
ՀՀ ՎՊ բացահայտումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի հետ, որը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա հունիսին: «Մենք մեր դիտողությունները, անհամաձայնությունը ներկայացրել ենք: Այժմ այն քննարկման փուլում է գտնվում: Այս պահին ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մեր մասով ՎՊ բացահայտումները»: Նշենք, որ մինչեւ նշված ԾԻԳ-ի ղեկավար նշանակվելը, Հովհաննիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենն էր, որից առաջ նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, սկզբում նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ՉԿԱՆ

Ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար բազմաթիվ խնդիրներ կան:

Նախորդ տարվա ընթացքում մարզի համայնքապետարաններում կառուցվել է ավելի քան 30 թեքահարթակ, շուրջ 40-ում մատչելիության ապահովման խնդիր կա, իսկ մյուսները շինարարական տեսակետից մատչելի են անվասայլակ օգտագործող մարդկանց համար: Ասել է թե՝ անգամ 40 համայնքապետարանները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ուր մնաց, թե տվյալ համայնքների մյուս կառույցները:
Թեքահարթակների խնդիրն առկա է նաեւ մարզի դպրոցներում: 163 կրթական հաստատություններից 103-ում է միայն առկա թեքահարթակ, իսկ շինարարական տեսակետից մատչելի են միայն 26-ը: Մարզի 31 առողջապահական ընկերություններից թեքահարթակներ ունեն միայն 28-ը, իսկ շինարարական տեսակետից մատչելի են 3-ը: Նույն ԲԿ-ների կազմում գործող շուրջ 90 բուժամանկաբարձական կետերից 12-ում կառուցված են թեքահարթակներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում: Այս մտահոգիչ տվյալները նախօրեին ներկայացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. հրավիրել է 5 նիստ՝ օրակարգային 22 հարցերով. «Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարունակում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը»,- հավաստիացրեց վարչության պետը՝ հակառակ իր ներկայացրած թվերի:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ 50 ՏՈԿՈՍ ԶԵՂՉ
Բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: 2016-17թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը:
Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաեւ միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել, եւ վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են:
Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլ: Միաժամանակ հավելենք, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն (նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում եւ համապատասխան կնիք), ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից եւ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

 

 

ԴՐԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ
2016թ. տնտեսական իրավիճակի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասել է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն 9,5 միլիարդ է: Ըստ նրա՝ Ռուսաստանի տնտեսության բարելավման շնորհիվ էր, որ 2016թ.-ը 0,5 տոկոս տնտեսական աճով ավարտեցինք: «Որոշ ոլորտներում աճ գրանցվեց, իսկ որոշ ոլորտներում՝ նվազում, բայց այն պլատֆորմը, որը կառուցվում է ներկայիս կառավարության ջանքերով, այս տարի կտա իր արդյունքները. 2017թ.-ն ավելի հաջող տնտեսական տարի կլինի»,-կանխատեսել է Գ. Մակարյանը՝ հավելելով, որ աշխարհում տնտեսությունն աճի միտում ունի: Ըստ նրա՝ գլոբալ 3-4 տոկոս տնտեսական աճ է սպասվում, բայց Հայաստանում մեծ աճ չի գրանցվի: «Ռուսաստանում 1 տոկոս տնտեսական աճի պայմաններում Հայաստանից արտահանման թիվը եղածի համեմատ կարող է մոտ 10 տոկոս էլ ավելանալ»,- նշել է տնտեսագետը:
Ի դեպ, բանախոսը ցավալի է համարել այն փաստը, որ ԵՏՄ անդամ Հայաստանը՝ լինելով գինու երկիր, չի կարողանում Վրաստանից ավելի շատ գինի արտահանել եվրասիական շուկա:




Լրահոս