«ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍՈՒՄ Է` ԴՈՒ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի ճանաչված դեմքերին, բացահայտում ենք` ինչն է նրանց դարձրել հայտնի, ինչ խոչընդոտների են վերջիններս հանդիպում իրենց ճանապարհին, եւ հակառակը` երբ է, որ իրենց անունը դառնում է թալիսման: Մեր հերթական զրուցակիցը երգչուհի Ջուսն է (Ջուս Համբարյան):

Վերադարձը` բումով
Երբ 1990-ականներին երգում էի «Հայեր» համույթում, հաճախ մեկնում էինք Հայաստանի մարզեր, նաեւ արտերկիր` հյուրախաղերի, եւ զգում էինք, որ սիրված ենք ու պոպուլյար: Երբ մեկնեցի Մոսկվա, այլեւս այդ աստիճան հայտնի չէի: Ամեն բան նորից սկսվեց, երբ 2008-ին վերադարձա Երեւան, մասնակցեցի «Երբ պարում են աստղերը» նախագծին, ապա աշխատեցի «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ վարում էի «Բնական ջուս» հաղորդումը: Այդ ժամանակվանից հայրենիքում ինձ սկսեցին ավելի լավ ճանաչել: Երբ քայլում էի, ինձ մատով էին ցույց տալիս: Հիշում եմ` մի անգամ նստեցի երթուղային տաքսի, բոլորը վեր կացան եւ ինձ տեղ տվեցին:

Արցունք, հիասթափություն, դեպրեսիա
Իմ ճանապարհին շատ եմ ունեցել արցունք, հիասթափություն, դեպրեսիա, բայց արագ հաղթահարել եմ, քանի որ դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Պետք է միշտ առաջ գնալ: Լինում են պահեր, երբ տեսնում եմ, որ, օրինակ, մեկը, ով ունի մեջք կամ փող, առաջ է գնում, իսկ ես` ոչ, բարկանում եմ, բայց հետո հասկանում եմ, որ եթե ժողովուրդը այդ անձին չսիրի, ուզում է` 24 ժամ եթերով երեւա, հաջողության չի հասնի: Ինձ զայրացրել եւ զարմացրել են նաեւ այն մարդիկ, որոնք ասում էին, թե տղայի եմ նման, ագրեսիվ եմ եւ այլն: Ախր ես ընդհանրապես ագրեսիվ չեմ. այդ մարդիկ միշտ շփոթել են բեմական կերպարս ինձ հետ: Հիմա, կարծես, այդ առումով ամեն բան նորմալ է: Բեմի մարդուն դժվարին դրության մեջ կարող են գցել նաեւ նրա երգերի կամ նրա մասին նյութերի ներքո արված մեկնաբանությունները: Իհարկե, եթե հանրությանը չհետաքրքրես, քո տեսքը կամ արարքը չեն էլ մեկնաբանի: Երբ մարդ հետաքրքիր է, կա՛մ կծում են, կա՛մ հիանում են նրանով: Բայց, իհարկե, լինում են ահավոր մեկնաբանություններ: Օրինակ` մի անգամ համացանցում հայտնվել էր իմ լուսանկարը, որտեղ ես երեխա եմ: Կանայք, աղջիկները գրել էին. «Մեռնես դու, սատանա»: Դա այնքա՜ն վիրավորական էր ոչ այնքան այն բանի համար, որ լուսանկարում ես էի պատկերված, այլ որ այնտեղ պատկերված էր երեխա: Մի ուրիշ անգամ էլ հիթային երգերիցս մեկի տեսահոլովակի ներքո գրել էին. «Ուղարկեք Ադրբեջան` «Եվրատեսիլի», թող քարերով խփեն»: Ու դա գրել էր հայ… Ամեն պարագայում, մեկնաբանությունների մեջ շատ են նաեւ ինձ պաշտպանողները եւ դրական կարծիք հայտնողները:

Սելֆի` տատիկների հետ
Հանրային անձ լինելու բացասական կողմն այն է, որ ամեն քայլափոխի պետք է մտածես` ինչ ես անում, ում հետ ես շփվում: Կան չգրված օրենքներ, որոնց պետք է հետեւես: Իսկ դրական կողմն այն է, որ քեզ ճանաչում են, եթե համակրում են` առավելություններ ես ստանում, օրինակ` խանութները հաճախ նվերներ կամ զգալի զեղչեր են անում:
Ես իմ հանդեպ համակրանք զգացել եմ ե՛ւ երիտասարդների, ե՛ւ նույնիսկ տարեցների կեղմից: Օրինակ` մարզերում հաճախ են տատիկներ մոտենում, ասում են, որ սիրում են, նույնիսկ` սելֆի անելու ցանկություն են հայտնում:

Հայտնիությունն ու անձնական կյանքը
Հայտնիությունս մինչեւ հիմա էլ ազդում է անձնական կյանքիս վրա: Ամուսինս միշտ ասում է. «Սա չի կարելի հագնել, այս շորը շատ կարճ է, բաց է», ես էլ ասում եմ. «Հո չե՞մ կարող տեսահոլովակի համար լիովին փակ ներկայանալ, դա բեմ է, այդպես ներկայանալը նորմալ է»: Հիմա՝ Ձեզ հետ զրույցի ընթացքում էլ, ամուսինս նստած է կողքիս ու ասում է. «Դու անուղղելի ես» (ծիծաղում է): Ասում եմ. «Տես` Օրբակայտեն ինչ կարճ է հագնում», պատասխանում է. «Չէ, սա Հայաստանն է», ես էլ հարցնում եմ. «Ի՞նչ կապ ունի, դու ամենասկանդալային երգչուհու հետ ես ամուսնացել, այնպես որ, սովորի՛ր» (ծիծաղում է):

 

 

 
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Այս տարվա սեպտեմբերին Իսպանիայում տեղի կունենա սպորտային պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն 16-ամյա Սոֆյա Մելիքյանն ու Նիկոլայ Ռեշետնիկովը: Սոֆյան ծնվել է Մոսկվայում, բայց այժմ իր պարընկերոջ` Նիկոլայի հետ գործունեություն է ծավալում Վոլգոգրադում: Պարային այս զույգը հասցրել է հայտնվել սպորտային պարերի Ռուսաստանի առաջնության կիսաեզրափակչում, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել Դանիայի, Իտալիայի, Գերմանիայի բեմերում:

Սոֆյան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իրենց նկատել եւ Հայաստան է հրավիրել Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար, «Մատադոր» պարային ակումբի ղեկավար Գեւորգ Մարկոսյանը. «Նա բոլորովին պատահաբար նկատել էր ինձ Ռուսաստանում` պարային մրցաշարերից մեկի ժամանակ, որի շրջանակում պարընկերոջս հետ հաղթող էինք ճանաչվել: Երբ հայտարարեցին իմ անունը, նա իմացավ, որ հայ եմ, առաջարկեց մեր ուժերը փորձել առաջնությունում, մենք էլ սիրով համաձայնեցինք»: Սոֆյայի խոսքով` հայրենիքում հանդիսատեսն իրեն շատ ջերմ եւ բուռն է ընդունել. «Եթե հնարավորություն տրվի, կրկին կփորձեմ ներկայացնել Հայաստանը»:
Մեր այն հարցին, թե տաղանդից բացի` զույգին աշխարհի առաջնությանը հաջողության հասնելու համար ինչ է հարկավոր, պարուհին պատասխանեց. «Անհրաժեշտ է ապահովել պրոդյուսերական պրոֆեսիոնալ կազմ, որը կներկայացնի մեզ արտերկրում, որի կատարած աշխատանքի շնորհիվ կնկատեն մեզ: Այդ ամենը, իհարկե, կապված է ֆինանսների հետ»:
Սոֆյան, անդրադառնալով Հայաստանում սպորտային պարահանդեսային պարերի ոլորտին, նկատեց. «Հիացած եմ մեր հայ պարողների տաղանդով, ֆիզիկական պատրաստվածությամբ, երաժշտական լսողությամբ»: Ի դեպ, մեր հայրենակցուհին երազանք ունի` ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանում սպորտային պարահանդեսային պարերի ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ` հայրենիքում հիմնել սեփական պարային դպրոցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ
«Արծվիկն ասես ճապոնական արքայադուստր լինի, առեղծվածային գեյշա»,- այսպես են արձագանքել հայտնի WiwiBloggs կայքի լրագրողները «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգին եւ տեսահոլովակին: «Պարզապես հրաշալի է էթնիկ, ավանդական ոճերի միախառնումը, որը էքսպերեմենտալ է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ռիսկային»,-դիտելով «Fly With Me» երգի տեսահոլովակը` նշել է լրագրողներից մեկը: Նրա գործընկերոջը, սակայն, մեր երգն այնքան էլ դուր չի եկել. «Արծվիկը շատ լավ վոկալիստ է, բայց այս երգն ինձ ոչինչ չտվեց, այն չվառեց իմ կրակը։ Երգն ու հոլովակը վատը չեն, բայց հիասքանչ էլ չեն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

 

 

«ՄԻ ՀԱՅ ՈՐԲ ՍԵՎ ԾՈՎԻ ՇՐՋԱՆԻՑ»
Թուրքիայում լույս է տեսել «Մի հայ որբ Սեւ ծովի շրջանից» գիրքը, որի հեղինակն է Հալիլ Էրհանը` Թուրքիայի Գիրեսուն քաղաքից: Ծագումով հայ Էրհանը գիրքը գրել է աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ որբացած իր պապիկի մասին եւ ձոնել նրա հիշատակին: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից լույս ընծայված «Մի հայ որբ Սեւ ծովի շրջանից» գիրքը ազգային ու կրոնական ինքնության հարցերի շուրջ մտորելու առիթ է տալիս Թուրքիայի հյուսիսային, Սեւծովյան շրջանների բազմահազար բնակիչներին, որոնք Թուրքիայում աչքի են ընկնում առավել ազգայնական տրամադրություններով ու վարքագծով:

 

 

«ԱՃՈՂ» ՀԱԳՈՒՍՏ
«Jake + Maya Kids» ընկերությունը թողարկել է հագուստի շարք, որն «աճում է» երեխաների հետ: Այդ մասին տեղեկացրել է The Mashable¬ն: Հավաքածուն կրում է Metamorphosis անունը: Մոդելագործներն իրենց նախագիծը ներկայացրել են Kickstarter հարթակում: Մոդելների դիզայնում օգտագործվել են կարգավորվող թեւքեր եւ գոտիներ: Շարքում տեղ են գտել զգեստներ, կիսաշրջազգեստներ, մարզաշապիկներ եւ «տոլստովկաներ», որոնց գները տատանվում են 28¬ից մինչեւ 75 դոլարի սահմաններում:




Լրահոս