Սերժ Սարգսյանի հանձնառության արդյունքը պարզ կդառնա երեք օրից. ո՞րն է լինելու ԵՄ արձագանքը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ Եվրոպա մեկնած Սերժ Սարգսյանը երեկ ԵԺԿ-ի համագումարի լիագումար նիստում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով իր հանձնառությունը գալիք ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու հարցում:

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախաստորագրումից հետո առավել գոտեպնդված եւ, ըստ ամենայնի, գործընթացն այլեւս անշրջելի համարող Սերժ Սարգսյանը նախ ասել է. «Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է:

Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով եւ յուրաքանչյուրին տալով դրականը եւ օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում»:

Հաջողված գործընկերության մոդելի մասին պնդումն ընդամենը մեկ տարի առաջ կարող էր տարակուսանք հարուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ, առավել եւս, Եվրոպայում: Այսօր, սակայն, Սերժ Սարգսյանը կարող է «բաց ճակատով» միջազգային ամբիոններից խոսել Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության մասին:

Սակայն միայն ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը քիչ է, ՀՀ եվրոպական օրակարգը միայն համաձայնագրերով չէ, որ սպառվում է: Այն առաջին հերթին քաղաքացու ազատ կամարտահայտության իրավունքի ապահովման վրա է խարսխվում: Արդյո՞ք մենք դա կտեսնենք ապրիլի 2-ին, արդյո՞ք գալիք ընտրությունների անցկացման որակով Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը կհաջողվի հաստատել Հայաստանի՝ իրապես հետեւողականությունը եվրոպական օրակարգին:

«Ընդամենը երեք օր հետո Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սա կարեւորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Հաշվի առնելով երկրի զարգացման առանձնահատկությունները՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել վստահ քայլ կատարել եվրոպական մոդելի ժողովրդավարության կառուցման եւ ժողովրդավարական հաստատությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Մենք հանձնառու ենք եւ անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ», – խոստացել է Սերժ Սարգսյանը:

Թե ինչպիսին կլինի Սարգսյանի հանձնառության արդյունքը, պարզ կդառնա արդեն երեք օրից: Մնում է հուսալ, որ Եվրամիությունն այս անգամ աչք չի փակի եւ հետեւողական կլինի Սերժ Սարգսյանի ստանձնած հանձնառության գնահատականը տալու հարցում:




Լրահոս