Թթու խաղողը. ինչու ՀԱԿ-ը մասնակցեց ընտրություններին և խոստումներ տվեց ընտրողին, եթե գիտեր` ինչ արդյունք է լինելու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ի ընտրություններում ընդամենը 1,65 տոկոս քվե ստացած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, թե այլ արդյունք ակնկալելը կլիներ քաղաքագիտական անգրագիտություն. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»,- ասել է ՀԱԿ առաջնորդը:

Անշուշտ, ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանն իրավացի է, սակայն այստեղ հարց է առաջանում. եթե ՀԱԿ-ում ի սկզբանե այդքան վստահ էին, որ հավաքելու են 25.863 ձայն եւ քաղաքագիտորեն այդքան գրագետ էին, որ այլ արդյունք չէին էլ սպասում, այդ դեպքում ինչու էին առհասարակ մասնակցում ընտրություններին, ինչու էին ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, մարդկանց ինչ-որ խոստումներ տալիս, հանրահավաք հրավիրում, իրենց համակիրներին հույսով անում: Ավելին՝ ինչու էր Տեր-Պետրոսյանը մեկ շաբաթում ամբողջ երկու հարցազրույց տալիս տարբեր հեռուստաընկերությունների՝ փորձելով ընտրողներին համոզել, որ իր առաջարկած խաղաղության ծրագիրն ամենալավն է:

Իրականում պարտությունից հետո նման հայտարարություններ անելը բավականին տխուր է դիտվում: Էլ ավելի տխուր է այն, որ ՀԱԿ առաջնորդը հեգնում է խորհրդարան անցած ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր ուժին՝ «Ելքը»-ին՝ նշելով. «Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքը» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը»։

Նկատենք, որ առնվազն «Ելքը»-ը անիրագործելի խոստումներ չի տվել, հակառակը՝ իր կազմակերպված եւ ակտիվ աշխատանքի շնորհիվ, փաստորեն, կարողացել է հավաքել 7,78 տոկոս ձայն:

Մինչդեռ ՀԱԿ-ը գրանցեց տրամագծորեն հակառակ դինամիկան: Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ անգամ փակվող մարզային ճանապարհների պարագայում Ազատության հրապարակը տասնյակ հազարավոր հավատավոր քաղաքացիներով լցնող ուժն այս քարոզարշավի ընթացքում, առհասարակ, որեւէ նախաձեռնողականություն, որեւէ ստեղծագործ մոտեցում չցուցաբերեց:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի՝ երեկ արած մյուս «անառարկելի արձանագրմանը», այն է՝ «Հայ ազգային կոնգրեսին» հաջողվեց ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել ՀՀ-ի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ապա նշենք, որ այդ խնդիրը նորանկախ Հայաստանի քաղաքական օրակարգում միշտ է եղել հրատապ հարց, անցած ապրիլյան պատերազմից ի վեր՝ էլ առավել: Իսկ թե որքանով Տեր-Պետրոսյանին հաջողվեց մեծացնել այդ հրատապությունը, ցավոք, ցույց են տալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ստացած 1,65 տոկոս ձայները:




Լրահոս