ԴԱՀԿ ՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետերն ու աշխատակիցները մեկը մյուսի հետեւից հայտնվում են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրոք ԴԱՀԿ տարբեր ստորաբաժանումներում աշխատած պաշտոնյաները հայտնվել են դատարանում, որոնք մեղադրվում են կեղծիք կատարելու, լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական անփութության մեջ:

Եվ այսպես՝ ապրիլի 18-ին, երբ «Օֆշորային» աղմկալի բացահայտումից հետո ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, ԴԱՀԿ ծառայությունում մեծ իրարանցում սկսվեց:
Բանն այն է, որ Միհրան Պողոսյանի փոխարեն ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Հարությունյանը, որից հետո ԴԱՀԿ աշխատակիցների գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել: Նախ նա սկսեց ազատվել Միհրան Պողոսյանի կադրերից, մասնավորապես 2016 թվականին պաշտոնից ազատվեցին գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանը, ծառայության ՊԵԿ-ի պետ Վարդան Վարդանյանը, ֆինանսական բաժնի պետ Նարինե Մարգարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Գագիկ Հարությունյանը եւ այսպես շարունակ:
Սակայն ԴԱՀԿ նախկին պետի կադրերին միայն ազատելով չի բավարարվում ներկայիս պետը: Շատ աշխատակիցներ Արմեն Հարությունյանի թեթեւ ձեռքով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ամենատարբեր հանցանքների հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ֆելիքս Պողոսյանը, Էդվարդ Իսկանդարյանը, լինելով Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներ, քաղաքացի Կորյուն Բունիաթյանի մասով ապօրինի որոշում են կայացրել: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1 մասի հատկանիշներով` պաշտոնեական լիազորությունները անցնել, իսկ խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չհեռանալու մասին:
Պարզեցինք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաներ Գագիկ Հովհաննիսյանը, Վարդան Մելիքբեկյանը, Արամ Իսրայելյանը կեղծ տեղեկություններ են մտցրել ծառայողական համակարգ, եւ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասով` պաշտոնեական կեղծիք կատարելը, եւ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւանի բաժնի վտարման եւ բնակեցման գործերով բաժանմունքի հարկադիր կատարողի, հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը եւ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանը: Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին պետ Միհրան Պողոսյանի օրոք եղել են արտոնյալներ, եւ նրա՝ պաշտոնից ազատումից հետո շատ աշխատակիցներ մեկը մյուսի հետեւից հայտնվում են ամբաստանյալի աթոռին:
Իսկ ընդհանուր հաշվով, պետք է նկատենք, որ ԴԱՀԿ համակարգում դարձյալ «մանր ձկները» հայտնվել են մեղադրյալի աթոռին, իսկ «խոշոր ձկները»՝ ի դեմս ԴԱՀԿ նախկին պետի, որը ըստ էության կոծկել էր իր աշխատողների գործողությունները, ոչ միայն անպատիժ են մնացել, այլեւ Միհրան Պողոսյանը պատգամավոր է ընտրվել:
Հ. Գ. Հետաքրքիր է, թե Արմեն Հարությունյանի պաշտոնանկությունից հետո համակարգում քանի մարդ կդատապարտվի եւ ինչ արարքների համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված ընտրախախտումների մասով հարուցված քրեական գործերը հետաքրքիր ընթացք են ստանում: Մինչ իրավապահները քրեական գործ են հարուցում քվեարկության գաղտնիություն խախտելու մասով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները հակառակն են պնդում:
Ինչպես հայտնի է՝ ընտրություններում արձանագրված դեպքերի մասով հարուցվել 15 քրեական գործ, որոնցից 11-ը վերաբերում է մեկից ավելի անգամ քվեարկելու, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Եվ այսպես՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 17/21 ընտրատեղամասում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 20/24 ընտրատեղեմասի եւ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի 21/28 ընտրատեղամասերի մասով:
Ու մինչ իրավապահները քրեական գործ են հարուցում, հանձնաժողովի նախագահները, խոսքները մեկ արած, ասում են, թե հանցանք չեն գործել: Մասնավորապես Փարպի համայնքի 17/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանը ասել է, թե նման բան չի եղել, իսկ թե ինչ է ֆիքսել տեսախցիկը, ինքը որեւէ բան չգիտի: Ըստ էության հանձնաժողովի նախագահը կասկածի տակ է դնում տեխնիկայի հնարավորությունը:
Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 20/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեց ընդամենը մեկ դրվագ. «Մեր գրանցամատյանում ոչ մի նման նշում չի կատարվել: Ո՛չ դիտորդներ են նման բան արձանագրել, ո՛չ էլ կուսակցությունների վստահված անձինք»: Մեր այն դիտարկմանը՝ եթե տեսախցիկների ձայնագրությունը ներկայացնեն, եւ այնտեղ այլ պատկեր լինի, ինքը մտավախություն չունի՞, Օհանյանը սկսեց անկեղծանալ. «Դա ընդամենը մի 10 վայրկյանանոց դրվագ է եղել, մենք հերթափոխ էինք իրականացնում, թե ոնց է լրագրողը ֆիքսել, որ քաղաքացին մոտեցել է քվեախցիկի մոտ գտնվող անձին: Միգուցե քաղաքացին մոտեցել է քվեախցիկին մոտ գտնվող անձին, որ ակնոցը տա, կամ քաղաքացին օգնության կարիք է ունեցել, ես չգիտեմ: Անգամ չգիտեմ, թե մոտեցողն ով է, կամ քվեախցիկի մոտ գտնվող անձն ով է եղել»:
Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի 21/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալավերդի Նամալյանն էլ ընդհանրապես բանից անտեղյակ է: Նա ասաց, թե որեւէ քրեական գործից տեղյակ չէ, եւ, առհասարակ, իր ղեկավարությամբ գործող ընտրատեղամասում նման բան չի եղել:
Տեսնենք, թե ինչ վճիռներ կկայացնեն դատարանները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է վարչական դատարան` բողոքարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը: Այս մասին Tert.am-ին փոխանցել է դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

 

 

ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն Է ՄՆԱՑԵԼ
Մայիսի 14-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններից առաջ արժի հիշել, թե ինչ արդյունք արձանագրվեց 2013 թվականի ավագանու ընտրություններում, որին մասնակցում էր յոթ քաղաքական ուժ: Նախորդ ընտրություններին քվեարկել է 816.494 ընտրող, որոնց քվեները բախվել են հետեւյալ կերպ՝ «Առաքելություն» կուսակցություն՝ 5 892 ձայն (0.64 %) ԲՀԿ՝ 214 634 ձայն (23 %) «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք՝ 78 119 ձայն (8.48 %), ՀԱԿ՝ 40 660 ձայն (4.39 %), ՀՅԴ՝ 5 067 ձայն (3.80 %), ՀՀԿ՝ 521 127 ձայն (55.90 %), ՕԵԿ՝ 34 702 ձայն (3.73 %): Ներկայացված ուժերից մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու է միայն իշխող ՀՀԿ-ն, ում ավագանու ցանկը հիմնականում մնացել է նույնը:

 

 

 

ԱՐԵԼ Է-ՉԻ ԱՐԵԼ
ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր ասֆալտապատել գյուղի ճանապարհները: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Առաքել Մովսիսյանը խորհրդարան չի անցել: ArmLur.am-ը փորձել է պարզել՝ Մովսիսյանը կատարե՞լ է նախընտրական խոստումը, թե՞ ոչ: Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը հայտնել է, թե բարձրացված աղմուկից հետո Մովսիսյանը փոշմանել է: «Եթե շատ չգային, չասեին, մարդը եկել էր, ուզում էր գործ աներ, այնքան կողքից խանգարեցին, մարդը փոշմանեց, չարեց: Բայց, փառք Աստծու, հայտնվեց մի մարդ, ով գտավ, որ դա կարեւոր է գյուղի, համայնքի համար, ով մեր գյուղից է չուզեցավ ներկայանալ, ասեց՝ ես այդ ամեն ինչը կանեմ մեր ժողովրդի համար: Առաքել Մովսիսյանը չի արել: Չարեց ինչի համար, ոչ թե իր խոստումին տեր չէ, եթե թողեին, կաներ, սարքեցին ընտրակաշառք, եսիմ ինչ, մարդ էր, էլի, եկել էր, գործ էր անում, ինչի՞, վատ կլիներ, որ աներ»,-ասել է Ծաղկալանջի գյուղապետը: Իսկ ահա ինքը՝ Առաքել Մովսիսյանը, ասել է. «Արել, վերջացրել եմ, հանգիստ եղե՛ք: Բան չկա, այ ցավդ տանեմ, որ ինֆորմացիա չունեք, գյուղապետին կասես՝ ես եմ տենց ասել: Կգաք, կքայլենք վրայով, թազա ասֆալտա, հանգիստ եղե՛ք, որ խոսք էի տվել, պիտի անեի, ժողովուրդը հեչ մեղք չունի: Լավ եղե՛ք»:




Լրահոս