ՄԻՆՉԵՎ ՄԻԱՑԱՆ, ԴԱՍԱԴՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ ընթացած եւ երեկ ավարտված ուսանողների դասադուլին, բացի Երեւանի պետական համալսարանի ուսանողներից, տարբեր օրերին միացել են նաեւ այլ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել եւ հենց ռեկտորներից է փորձել պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ուսումնական հաստատությունում տիրող իրավիճակին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցության ժամանակ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորներ Շահեն Շահինյանն ու Կորյուն Աթոյանը «պարծեցել» են, թե իրենց ԲՈՒՀ-երում ամեն ինչ նորմալ է, եւ անհանգստանալու խնդիր չկա: Չնայած այդ հանգամանքին՝ նշենք, որ իրականում այդ երկու ուսումնական հաստատություններից ուսանողներ այս օրերին ամեն դեպքում դասադուլին մասնակցել են: Եվ եթե կոնսերվատորիայի ուսանողներն ակցիային սկսել են մասնակցել միայն նախօրեին, ապա տնտեսագիտական համալսարանից ակցիայի մասնակիցներ եղել են հենց առաջին օրվանից:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը նախօրեին իր մոտ է կանչել դասադուլին միացած ուսանողներին եւ մոտ երեք ժամ զրուցել նրանց հետ՝ խիստ ձեւով կոչ անելով այլեւս չմիանալ դասադուլ հայտարարած ուսանողներին: Սակայն երեկ կոնսերվատորիայի ուսանողները կրկին մասնակցում էին դասադուլին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:


-Պարո՛ն Շահինյան, Դուք նախօրեին Ձեզ մոտ էիք կանչել դասադուլին միացած ուսանողներին եւ երկար զրույց ունեցել նրանց հետ: Ո՞րն է պատճառը:
-Մարդիկ ակցիայի են մասնակցել, այո՛, նստել, խոսել ենք: Ես առաջարկում եմ, որ եթե լուրջ հարցադրումը պետք է լուծում ստանա, ոչ թե օդի մեջ մնա, կարելի է ավելի այլ ձեւեր մտածել, նստել, խոսել, դիմել համապատասխան մարդկանց: Ես չեմ կարծում, որ եթե հարց կա, որը պետք է լուծվի, անպայման պայքարի ճանապարհ պետք է ընտրել, այլ ձեւեր եւս կան:
-Դուք, ամեն դեպքում, խիստ զրույց եք ունեցել ուսանողների հետ: Հետեւանքներ կլինեն այդ ուսանողների՝ դասերին չմասնակցելու համար:
-Կոնսերվատորիայի դասերը երկու օրերն էլ կայացել են: Երեկ ովքեր որ մասնակցել են, իրենց ազատ օրն է եղել, իրենք դասեր չունեին: Այնպես որ, դասերին չի խանգարել իրենց մասնակցությունն ակցիային: Նախօրեին ես հանդիպել եմ 16 ուսանողի հետ, եւ առաջին օրն է եղել, որ Կոնսերվատորիայի ուսանողները եւս մասնակցել են:
-Պարո՛ն Շահինյան, նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ Դուք նշել էիք, թե անհանգստանալու ոչինչ չունեք, քանի որ Կոնսերվատորիայի ուսանողները չեն մասնակցում ակցիային: Դուք որեւէ կերպ ազդել եք ուսանողների վրա, որպեսզի խուսափեն դասադուլին մասնակցելուց:
-Գիտեք՝ իմ անհանգստությունը կամ չանհանգստությունը մասնակցելու հետ կապված չէ: Անհանգստությունն այն դեպքում է, երբ որ ինչ-որ վտանգներ կան, սակայն անվտանգ տեղ են մասնակցել: Մասնավորապես նախօրեին իրենք մասնակցել են իրենց համալսարանի դիմաց, երեկ էլ մասնակցել են, մի քանի շարականներ են երգել: Այդ մասնակցությունն ինչո՞ւ պետք է ինձ անհանգստացնի: Իրենց պետք է հարցնեք, թե ինչու չեն մասնակցել դասադուլին: Եթե ուզում եք իմ մասով իմանալ, ապա ես չեմ խոչընդոտել: Չի եղել նման դեպք:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյան


-Պարո՛ն Աթոյան, չնայած Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այս օրերին եւս մասնակցել են դասադուլների, սակայն Դուք Լեւոն Մկրտչյանին վստահեցրել եք, թե անհանգստանալու խնդիր չկա: Ո՞րն է եղել Ձեր վստահության պատճառը:
-Ես տեղեկացված չեմ եղել, որ մեր ԲՈՒՀ-ից մասնակցություն կա, այս պահին էլ տեղյակ չեմ: Ես իմացել եմ, որ մեր ԲՈՒՀ-ից չի եղել, ես որտեղից պետք է իմանայի, որ մեր ԲՈՒՀ-ից մասնակիցներ կան: Եթե իրենք գնում, առանձին մասնակցում են, եթե մեկ-երկու հոգի գնացել է, ես ո՞նց պետք է իմանայի: Այդպիսի խոսակցություն եղել է, եւ ես ասել եմ՝ տեղյակ չեմ մեր ԲՈՒՀ-ից մասնակցության մասին:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԹՂԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Երեկ՝ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը բարձրացրեց ՀՀ վարչապետին կից խորհուրդների հարցը: Մասնավորապես նա նկատեց, որ վարչապետին կից առկա է 20 խորհուրդ, որոնք պետք է տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ կատարեն, սակայն անգործության են մատնվել: Ի պատասխան, սակայն, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե այդ խորհուրդները վաղուց են ստեղծվել: «Մենք քննարկում ենք այդ խորհուրդների լինել-չլինելու հարցը: Մենք գտնում ենք, որ շատ խորհուրդներ չեն լինելու, բայց առկայությունը մեզնից որեւէ բյուջետային ծախս չի պահանջում»:

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով խորհուրդների աշխատանքը՝ պարզեց, որ այդ խորհուրդները կարելի է ասել, վաղուց չեն գործում, քանի որ վերջին անգամ նիստ գումարել են տարիներ առաջ: Օրինակ՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը վերջին անգամ նիստ է արել 2013 թվականի դեկտեմբերին, Գիտատեխնիկական խորհուրդը՝ նույն թվականի հուլիս ամսին, Գործարարության աջակցման խորհրդի պարագայում իրավիճակն ավելի վատ է. այս խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարին: Մի փոքր առաջընթաց է առկա «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման» խորհրդի պարագայում. նրանք վերջին անգամ նիստ են գումարել 2016 թվականին: «Կայուն զարգացման ազգային խորհուրդը» եւս նախորդ տարի է նիստ գումարել եւ, օրինակ, հավանություն տվել ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթնաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչեւ 2030թ. կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում ներկայացված հայեցակարգին եւ այն ընդունել ի գիտություն:
Հայագիտության հարցերով խորհուրդն իր գոյության ընթացքում ընդամենը 2 նիստ է գումարել՝ 2010 եւ 2012 թվականներին, դրանից հետո կրկին անգործության է մատնվել: 2004 թվականին ստեղծված «Անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամը» վերջին անգամ նիստ է գումարել 2015 թվականին. նույնիսկ այս ամռանը տեղի ունեցած անտառային հրդեհները չի ստիպել խորհրդին հավաքվել եւ քննարկել այդքան կարեւորություն ներկայացնող հարցը: 2012 թվականին ստեղծված վարչապետին կից արդյունաբերական խորհուրդն էլ վերջին անգամ նիստ է արել 2013 թվականին եւ դրանից հետո կրկին անգործության մատնվել:
Մեկ այլ՝ 2011 թվականին ստեղծված տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդը վերջին անգամ իր գոյության մասին հիշեցրել եւ նիստ է անցկացրել 2013 թվականին: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը ստեղծման օրվանից ի վեր 8 նիստ է անցկացրել, վերջինն էլ՝ 2014 թվականին:
Որքան էլ զարմանալի է, սակայն Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը եւս գոյություն ունի, որը, սակայն, 2017 թվականին նիստ է գումարել եւ մինչ այդ էլ ակտիվ գործունեություն է ծավալել: Իսկ ահա սոցիալական ներդրումների հիմնադրամ խորհուրդը չնայած ստեղծվել է 2000 թվականին, սակայն մինչ այժմ ընդամենը երեք նիստ է անցկացրել, վերջինն էլ՝ 2013 թվականին: Այլ խորհուրդների պարագայում եւս պատկերը նույնն է: Թերեւս խորհուրդների կազմում ամենաակտիվը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն է, որը պարբերաբար նիստեր է գումարում, սակայն միեւնույն է՝ Հայաստանում կոռուպցիան ինչպես եղել է համատարած բնույթ կրող երեւույթ, այդպիսին էլ մնում է: Ի դեպ, մոտ երկու տասնյակ գույնզգույն խորհուրդների անիմաստ լինելը պարբերաբար արձանագրվում է, բայց դրանք, միեւնույն է, շարունակում են թղթի վրա գոյություն ունենալ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՊՈԱԿ-Ն ՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, եւ ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաեւ, որ Պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիւվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել եւ հաշտության չի գնացել:

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿ
ՀՀ կառավարությունը այսօր իր համաձայնությունը կտա այս հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացմանը: Ըստ այդմ, ՌԴ-ն հայկական կողմին տրամադրում է մինչեւ 100 մլն դոլար վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: 100 մլն դոլարը օգտագործվելու է 2018-2022 թվականների ընթացքում: ՀՀ-ն վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ: Բանն այն է, որ դեռեւս 2015 թվականի հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչեւ հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեեւ նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ անցած տարվա ամռանը: Հուսանք՝ այս դեպքում ռուսական կողմը չի դանդաղի:

 

 

ՈՒՐԲԱԹ ԿՀԱՎԱՔՎԵՆ
Հինգշաբթի օրերին ավանդաբար գումարով ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր չի կայանա: Պատճառն էլ Սերժ Սարգսյանի բացակայությունն է. վերջինս երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները կհավաքվեն ուրբաթ օրը, իսկ նիստի առանցքային թեման էլ հենց լինելու է Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցը:




Լրահոս