ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, երբ մենք անդամակցում էինք դեռ այն ժամանակ Մաքսային միությանը, որպես հիմնավորում նշվում էր անվտանգության գործոնը: Արդարացվա՞ծ էր այդ պնդումը:
-Մենք պետք է գիտակցենք, որ տնտեսություն եւ անվտանգություն առանձին չի լինում: ԵԱՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ստացել ենք տնտեսական լրջագույն առավելություններ. առաջինը՝ ՌԴ-ն իր վրա է վերցրել մեր ատոմակայանի հետագա շահագործումը՝ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելով մինչեւ 2026 թվական, դրա համար տրամադրելով 300 մլն դոլարի վարկ: Դրա արդյունքն այն է, որ տասը տարի մենք ստանում ենք ամենաէժան էլեկտրաէներգիան: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե չլիներ ատոմակայանը, ինչպիսի սոցիալ-տնտեսական վիճակում կլիներ Հայաստանը: Իսկ տնտեսական հզորությունը բերում է անվտանգության հզորացման, այդպես չէ՞:
-Անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակը:
-Շատ են շահարկում այն հարցը, թե սա ինչ է տալիս Ղարաբաղի խնդրի լուծմանը: Ասեմ, որ ուղիղ բան չի տալիս, քանի որ Ղարաբաղն այս պայմանագրում սուբյեկտ չէ: Առհասարակ բոլոր միջազգային պայմանագրերը, որ կան, չի տալիս այդ ուղիղ անվտանգությունը, քանի որ այն սուբյեկտ չէ, Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Բայց եթե մենք ստորագրում ենք որեւէ պայմանագիր, որը բերում է Հայաստանի հզորացմանը, այն հանգեցնում է նաեւ Ղարաբաղի անվտանգության բարձրացմանը, քանի որ մենք հանդիսանում ենք Ղարաբաղի անվտանգության երաշխավոր:
-Սակայն նույն միության կազմում տեսնում ենք, որ բացի ՌԴ-ից՝ մյուս երկու պետություններն ավելի շատ ադրբեջանամետ քաղաքականություն են վարում:
-Ես այդպես չէի ասի: Դուք հիշում եք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ որպես ԵԱՏՄ նիստը նախագահող, Իլհամ Ալիեւի նամակն ընթերցեց: Իհարկե, իրենք իրենց շահերն ունեն՝ տնտեսական, քաղաքական: Դա բնական է, բայց մյուս կողմից, ըստ կանոնադրության, Ղազախստանը վետոյի իրավունք ուներ, սակայն դա չկիրառեց: Այսինքն՝ մի կողմից՝ նա կարդաց Ալիեւի նամակը եւ պաշտպանեց նրա շահերը, սակայն մյուս կողմից՝ չօգտագործեց վետոյի իր իրավունքը: Հիմա մեկ այլ իրավիճակ. ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք չեկան Հայաստան, երբ այստեղ պետք է նիստ ընթանար, բայց մյուս կողմից՝ նույն ապրիլյան գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն արեց, մեղադրեց Ադրբեջանին, իսկ նա իրավունք չունի որեւէ հայտարարություն անելու՝ առանց ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնության: Այսինքն՝ իրենք մի կողմից՝ չեն ցանկացել, որ նիստն անցկացվի Հայաստանում, ինչն ակնհայտ աջակցություն է Ադրբեջանին, սակայն մյուս կողմից՝ իրենք համաձայնել են այն հայտարարության հետ, որը քննադատում է Ադրբեջանին:
-Սակայն վերջին շրջանում տեսնում ենք, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:
– Այստեղ հարցն այն է, թե մեր շահերից ինչ է բխում, որպեսզի Ադրբեջանը լինի Թուրքիայի՞ ազդեցության տակ, թե՞ Ռուսաստանի: Այստեղ մենք մի խնդիր ունենք, որ դա չպետք է լինի Հայաստանի հաշվին: Այսինքն՝ մեր մտահոգությունը պետք է լինի այն, որ Ղարաբաղի հարցը չլուծվի հօգուտ Ադրբեջանի: Վստահեցնում եմ Ձեզ, որ դա հնարավոր չէ այս իրավիճակում: Այնպես որ, ես այդպիսի մտավախություն չունեմ: Սակայն այստեղ այլ մոտեցում էլ կա. Թուրքիան եւ Արեւմուտքը կհամաձայնե՞ն, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին: Իմ կարծիքով, Ադրբեջանն այսօր ԵԱՏՄ-ին միանալու անհրաժեշտություն չունի:
-Ձեր խոսքում նշեցիք, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում ի օգուտ Ադրբեջանի լուծում չի լինի: Սակայն նույնիսկ Սերժ Սարգսյանը նշեց, թե այս հարցում ցավոտ լուծում է լինելու: Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը:
-Ցավոտ լուծումը ես տեսնում եմ հետեւյալում, որ Ղարաբաղի անկախ կարգավիճակի դիմաց պետք է տրամադրվեն տարածքներ: Սա է, ուրիշ ցավոտ լուծում ես չեմ էլ կարող ենթադրել: Եթե մենք բանակցում ենք, ապա հարց է առաջանում՝ ինչ է զիջում Ղարաբաղը, Հայաստանը, ինչ է զիջում Ադրբեջանը: Սակայն հիմա զիջումների մասին խոսելը համարում եմ վաղաժամկետ այն առումով, որ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ զիջման գնալ: Հա խոսքը չի գնում բանակցությունների մասին, այլ նրա, թե ինչպես անել որպեսզի վերսկսվեն բանակցություններ: Սա բանակցություններ են բանակցություններ վերսկսելու շուրջ:
-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում պետք է Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-Դուք պատկերացնում եք՝ երեք ամենահզոր պետությունները իրենց միջնորդական ջանքերն են ներդնում, բանակցում են, որպեսզի Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի, իսկ դու ճանաչում ես անկախությունը եւ ասում ես, որ Դուք ինձ պետք չեք: Դա ինչի՞ է բերում, պատերազմի: Եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը կաջակցի եւ իրական կդարձնի նրա անկախությունը, ապա այդ պահին միանշանակ պետք է անել այդպիսի քայլ:

 

 

 

ՄԻԱՅՆ ԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՉԼԻՆԻ

Հայաստանի իշխանությունների մոտ սովորույթ է դարձել ընդդիմության ցանկացած առաջարկ, այդ թվում քաղաքական ենթատեքս չունեցող եւ բացառապես հանրության շահերից բխող նախաձեռնությունները մերժել, ապա որոշ ժամանակ անց անձամբ այդ ծրագիրն իրագործել: Նման վարքը, որպես կանոն, հատուկ էր կառավարությանը եւ խորհրդարանի իշխանական մեծամասնությանը: ՀՀ ԱԺ-ում բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, երբ ընդդիմադիր խմբակցության առաջարկը խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժել է, իսկ մի քանի ամիս անց կառավարությունն է համանման նախագիծ ներկայացրել օրենսդիրների քննարկմանը, եւ այն ընդունվել է: Պարզվում է՝ նման վարքը մի վիրուս է, որը պատել է ՀՀԿ-ական իշխանության բոլոր օղակներին:

Բանն այն է, որ այժմ էլ նման գործելաոճ է որդեգրել Երեւանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությունը: Երեւանի ավագանու երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էին ընդդիմադիր «Ելք» խմբակցության ներկայացված մի քանի նախագծեր, որոնցից մեկի դեպքում ավագանու ՀՀԿ խմբակցությունը նույնաբովանդակ առաջարկությամբ էր հանդես եկել: Մասնավորապես «Ելք» խմբակցությունն առաջարկել էր Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նորակառույց մայրուղին անվանել Մոնթե Մելքոնյանի անվամբ: Որպեսզի չստացվի, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը ընդդիմության առաջարկն ընդունում է, իշխանական մեծամասնությունը որոշել էր նախաձեռնությանը համահեղինակ դառնալ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները ցանկանում էին արձանագրել, որ իրենք ընդդիմության առաջարկով չեն առաջնորդվում, այլ իրենք են այդպես ցանկանում:
Մեկ այլ նախագծով էլ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանափոխել Հայաստանի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Սակայն ՀՀԿ-ականները որոշել էին այդ անունով կոչել Սարալանջի պողոտայից մինչեւ Լեոյի փողոցն ընկնող հատվածը: Հենց այդպես էլ վարվեցին:
Հետաքրքիրն այն է, որ Երեւանի ավագանու ձեւավորումից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը սկսեց փողոցների անվանափոխման նախաձեռնություն, որից հետո համանման նախաձեռնություններ սկսեցին ունենալ նաեւ իշխող ՀՀԿ-ն ներկայացնող ավագանու անդամները: Այս առնչությամբ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո՛, այս ամենը սկսվեց մեր նախաձեռնությունից, եւ շատ այլ նախաձեռնություններ սկսվելու են մեզնից: Ամեն ինչ իրենց նախաձեռնությունների մեջ ունի իր քաղաքական ենթատեքստը: Փողոցների անվանակոչության հետ կապված Դուք տեսաք մի տեսարան, երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը հոխորտաց մեր երկրի վրա, եւ դրա հետեւանքն այն էր, որ Նժդեհին մեկ ամիս անց անվանեցին ֆաշիստ: Դա այս գործունեության հետեւանքն է», – նկատեց նա:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եզրափակիչ դատական նիստին այդպես էլ ներկա չէին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Եվ սա այն դեպքում, որ Բաբայանին ձերբակալեցին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ վերջինս աջակցում էր հենց ՕՐՕ դաշինքին: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս օրերին Հայաստանում չեն դաշինքի առաջնորդներից երկուսը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ահա «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը Հայաստան էր ժամանել Բաբայանի եզրափակիչ դատական նիստից դեռ օրեր առաջ, սակայն Բաբայանի կողքին չէր: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Օսկանյանից անձամբ ճշտել՝ նախ վերաբերմունքը Բաբայանի պատժաչափի մասին, ապա հասկանալ՝ ինչու նրա կողքին չէր: Նրան ուղղված երկու հարցերին ի պատասխան՝ Օսկանյանը նշեց, թե շատ կարեւոր գործերով է զբաղված եւ ոչ հիմա, ո՛չ էլ հետո չի պատասխանելու հարցերին: «Ես շատ զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, ուղղակի չեմ պատասխանելու»,- արձագանքեց նա: Թերեւս այդ նույն «զբաղվածությունն է» պատճառ եղել՝ իրենց քաղաքական թիմի անդամ Սամվել Բաբայանին կարեւոր պահին մենակ թողնելու համար:

 

 

ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին երկու ավտոմեքենա է գնել: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոթորս» ընկերության հետ: Ըստ այդմ, կառավարության աշխատակազմը նշված ընկերությունից գնել է 2 հատ սեդան թափքով ավտոմեքենա՝ «Kia Rio»: Իսկ արտադրողը Ռուսաստանում HMMR ընկերությունն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկու ավտոմեքենաների համար կառավարությունը ծախսել է 10 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր ավտոմեքենան գործադիրը գնել է 5 մլն 200 հազար դրամով: Իսկ տեխնիկական բնութագրում նշված է, որ մեքենաները պետք է 2017 թվականի արտադրության լինեն, 4 դռներով, բենզինային, իսկ ղեկը՝ ձախակողմյա:

 

 

ԸՆԴԴԵՄ ԿՈՄԲԻՆԱՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչ Արմեն Խաչատրյանը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի՝ պահանջելով վճարել գիշերային աշխատանքի համար չվճարված աշխատավարձը ու չվճարված աշխատավարձի տույժերը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կոմբինատի աշխատակիցները նմանօրինակ խնդրի համար հայտնվել են դատարանում: Բացի այդ՝ այս կոմբինատի նախկին աշխատողները բողոքում էին կառավարության անուշադրությունից, իրենց իրավունքների խախտումներից, ներկայիս աշխատողները՝ տնօրեններից իրենց արտաժամյա աշխատացնելու եւ չվճարելու համար:
Ու ընդհանրապես շատ հանքավայրեր շահագործող ընկերություններ ստրուկի նման են վարվում իրենց աշխատակիցների հետ:




Լրահոս