ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմում եմ Ձե′զ, պարո′ն Փաշինյան, հանկարծ մեզ հուսախաբ չանեք. Լևոն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների, քաղաքացու սպասելիքների եւ արվեստի ոլորտում ձեւավորված ճամբարների մասին զրուցել է դերասան Լեւոն Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք այն դերասաններից եք, որոնք հեղափոխության ժամանակ ժողովրդի շարքերում էին, եւ այն ժամանակ հստակ արտահայտեցիք Ձեր դիրքորոշումը: Հիմա ի՞նչ տպավորություններ ունեք ներկայիս իրավիճակից:

-Ես տարիներ շարունակ իմ հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ անհրաժեշտ է հեղափոխություն առանց զոհերի: Փա՛ռք Աստծո, դա եղավ: Չահազանգել մեր խնդիրների մասին չէի կարող: Հիմա իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, բայց կա վախ, որովհետեւ ուզում ենք այն հաղթանակը, որ գրանցեց ժողովուրդը, շարունակական լինի: Ամեն օր մտածում եմ՝ ուր ենք գնում, ղեկավարության ամեն քայլ անալիզ եմ անում, բայց քնելուց առաջ ինքս ինձ ասում եմ` համբերի՛ր: Կցանկանամ՝ այն բարձր նշաձողը, որ դրել ենք, խելոք լինենք եւ կարողանանք պահել: Կուզեմ հրապարակում հնչած խոստումների 70 տոկոսը իրականանան: Այն հպարտությունը, որ ապրեցինք, ստիպում է, որ ես չխոսեմ, օրինակ, 50 տոկոսի մասին, այլ 70-ի:

-Հայտնի է, որ արվեստի ոլորտում տարիների ընթացքում ձեւավորվել են իշխանականների, ընդդիմադիրների ճամբարներ: Երբ Դուք արտահայտեցիք Ձեր դիրքորոշումը եւ միացաք ժողովրդական շարժմանը, անձնական թշնամանք Ձեր նկատմամբ որեւէ մեկը դրսեւորե՞ց, կամ եղա՞ն արհեստական խոչընդոտներ Ձեր կարիերայում:

-Դա իմ որոշումն էր, եւ ոչ ոք իրավունք չունի արգելքներ դնել իմ առջեւ: Իհարկե, որոշակի արգելքներ նախկինում դիրքորոշմանս համար իմ առջեւ դրվել են, բայց հիմա՝ ոչ: Ի դեպ, նախկինում ճիշտ խոսելը համարվում էր հերոսություն: Մի շրջան ես այդ ճիշտ խոսողների թվում էի, բայց հետո հասկացա, որ դրա փոխարեն պետք է ուղղակի գործել: Ինչ վերաբերում է ճամբարներին, ես չեմ խառնվում դրանց: Գիտեմ միայն, որ մեր ասպարեզը մեծ փոփոխությունների կարիք ունի, գիտեմ նաեւ, որ ասպարեզն այդ փոփոխություններին պատրաստ չէ: Այսօր արվեստագետը վախենում է սոված մնալուց: Շատերը, այդ թվում՝ ես, կարող ենք այդ փոփոխությունների արդյունքում աշխատատեղ կորցնել, բայց պետք է հասկանանք, որ դա արվում է գլոբալ փոփոխության համար: Գուցե ինձ հայհոյեն, բայց այն կարծիքին եմ, որ դոտացիայով երկու-երեք թատրոն պետք է պահել, իսկ մյուսներին պետք է հնարավորություն տալ ինքնուրույն գոյատեւել: Այդ փոփոխություններն այնպես պետք է անել, որ կոլեգաներս դրանք ճիշտ ընկալեն:

-Այսօր ի՞նչ մտավախություններ ունեք:

-Մի բանից եմ շատ վախենում՝ խաբվելուց: Եթե մեկ անգամ եւս այս ժողովրդի հավատի հերն անիծեցին, ոչ ոքի չեմ ների: Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, խնդրում եմ` հանկարծ մեզ հուսախաբ չանեք:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս