ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ավիաընկերությունները՝ փակման եզրին. ինքնաթիռները կպլոմբվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ իռլանդական «Ryanair» լոուքոսթերի Հայաստան մուտք գործելը մտահոգել է հայկական ավիաընկերություններին: Ամեն դեպքում, կառավարության` իռլանդական լոուքոսթերի նկատմամբ ցուցաբերած չափից ավելի ուշադրությունը հիասթափեցրել է հայկական ավիաընկերություններին: Ավելին, հայկական ավիացիայի ոլորտի մասնագետները պնդում են, որ կառավարությունը այդպիսի լոուքոսթերներ Հայաստան բերելուց առաջ նախ պետք է զբաղվի հայկական ավիաընկերությունների խնդիրներով, որոնք շատ են:

Ի դեպ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերությունն ընկել է լուրջ խնդիրների մեջ: Ըստ այդ լուրերի` «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռներն այս ընթացքում կանգնած են, եւ չի բացառվում, որ առաջիկայում դրանք կապարակնքվեն (պլոմբվեն): Պատճառը, ըստ լուրերի, ֆինանսական խնդիրներն են: Բացի այս, համառորեն լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերության աշխատողներն արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունները ճշտելու նպատակով դիմեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Բդոյանին, որը խոստացավ պարզաբանել,սակայն այդպես էլ մենքընկերությունից արձագանք չստացանք: Ի դեպ, օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր հայկական ավիաընկերությունների առաջ ծառացած խնդիրներին եւ նշել էր «Տարոն Ավիա»-ի օրինակը:

Ընկերությունը տեւական ժամանակ է` չվերթներ չի իրականացնում, քանի որ իրենք թռիչքներ են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ, եւ այնտեղի օդանավակայաններում խտրական գներ են տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների համար:

Այսինքն` գործում է երկու տեսակի սակագին, մեկը` տեղական, մյուսը` օտարերկրյա ավիափոխադրողների համար: Ու հայկական ավիափոխադրողները դիտարկվում են որպես օտարերկրյա եւ սպասարկվում են ավելի բարձր սակագներով, քան իրենց տեղական ավիաընկերությունները: Բայց ներկայումս ընկերությունը այս խնդրի լուծման համար միայնակ է պայքարում, իսկ գործադիրը ավիաընկերության կողքին չէ:

Փոխարենը կառավարության` ավիացիոն բլոկի համար պատասխանատուները իռլանդական լոուքոսթերի` ՀՀ մուտք գործելու ֆոնին քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ լուսանկարներ էին հրապարակում եւ շնորհակալություն հայտնում նրան դրա համար:

Քիչ էր մնում Հանրապետության հրապարակում իռլանդական լոուքոսթերի համար հրավառություն կազմակերպվեր: Իսկ թե ով պետք է զբաղվի հայկական ավիաընկերությունների խնդիրներով, հայտնի չէ: Չի բացառվում, որ դրանք առաջիկայում կբռնեն փակման, սնանկացման ճանապարհները: Հուսանք` սա իրականություն չի դառնա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս