ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 300 շահառուի կտրամադրվի երեխայի ծննդյան աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է խթանել ծնելիության աճին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարում նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի։
Չի բացառվում, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում հաստատի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության նպատակային ծրագրերը։ Դրանք են՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն՝ երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն՝ հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարում կանխավճարի ապահովագրություն կտրամադրվի 540 շահառուի, իսկ երեխայի ծննդյան աջակցություն՝ 300 շահառուի։ Ըստ Սոցապ նախարարության՝ 2021-2023թթ. ժամանակահատվածում այդ ցուցանիշները կկրկնապատկվեն՝ տարեկան աջակցություն տրամադրելով 500, 1000 եւ 600 շահառուի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ Ի դեպ, այս ծրագրերի գծով ծախսը 2021-2023 թվականների համար կանխատեսվում է տարեկան 1,1 մլրդ դրամ։

Ամենակարեւորը, եթե այս ծրագրերի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն լինի՝ պայմանավորված բարձր պահանջարկով, ապա կառավարությունից վստահեցնում են, որ ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության՝ կհատկացվեն լրացուցիչ միջոցներ։

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեխայի ծննդյան աջակցության ծրագրից։ Դրա հիմնական պայմաններն են. եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, գույքի ձեռքբերման եւ գնահատման շուկայական առավելագույն արժեքը 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով եւ այլն։ Իսկ եթե քաղաքացին հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարի, ապա նա պետք է պետությանը վերադարձնի ստացած պետական աջակցության գումարը։

Փաստ է, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է, եւ հիմա մեր երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի։ Իսկ մեր հանրապետությունում եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Հուսանք՝ այս ծրագրից կօգտվեն մարզի բնակիչները, քանի որ հայտնի փաստ է, որ մեր գյուղերում բազմաթիվ երիտասարդներ չեն ամուսնանում՝ բնակարան կամ աշխատատեղ չունենալու պատճառով։ Էլ չենք խոսում այն մասին, որ այսօր մարզերում շատացել են այն ընտանիքները, որտեղ խուսափում են երկրորդ երեխա ունենալուց։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս