Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից։ Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երեւանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց: Դա, սակայն, արեց ուշացումով, եւ հիմա քվեաթերթիկում, միեւնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան։ Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն, դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ։ Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը: Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչեւ հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, եւ մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը։ Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչեւ ապրիլի 14-ը, որից հետո նոր կերեւա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից եւ հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս