Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր` ժամը 16:30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: Խմբակցության նիստը տեղի կունենա Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակում: Դեռևս հայտնի չէ ներկա՞ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` նիստի օրակարգում ընդգրկված է երկուշաբթի օրը Ազգային ժողովում կայանալիք Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի թեման: Խմբակցության նիստում կքննարկվի նաև մայիսի 26-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը:
Հիշեցնենք, որ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: