Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։
ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։
Քովիդ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։
Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։
Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Քովիդ -19-ի թեստավորում, արդյունքները բացասական են։
Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։
2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվել է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ։
160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
2020 թ. Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ. ևս 43 մլն դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ. ընկերությունը մտադիր է ներդնել ևս շուրջ 16.5 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ. հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով Կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: