Փաստահավաք խումբը կսկսի գործել հաջորդ տարվանից. ովքեր կարող են դիմել և ինչ հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Փաստահավաք հանձնաժողովի մասին  օրենքի փաթեթը: Այս նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

Այսինքն, այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը, ուսումնասիրի դրանք: Նախագծից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից: Նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել նիստերի միջոցով, իսկ գործունեությունն իրականցնելու է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ  հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Ընդ որում, հետաքրքիր է, որ պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով: Եվ օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը:

Իսկ ահա ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերն եւ իրադարձությունները ներառում են՝ 

1) համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում,

2) հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ,

4) անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ,

5) ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,

6) վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց Հանձնաժողովը անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալ:

Հավելենք, որ այս օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրելու իրավասություն ունեցող մարմինները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Ազգային ժողովին են ներկայացնում Հանձնաժողովի անդամի թեկնածուներին: Հանձնաժողովի կազմի ընտրություն անցկացվում է Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հանձնաժողովը կազմավորված է համարվում Հանձնաժողովի բոլոր անդամների ընտրությունից հետո:

Ներկայացնենք միջազգային փորձը.

Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում ստեղծվել և գործել են (գործում են) 40-ից ավելի նման հանձնաժողովներ, որոնք ընդգրկում են բավականին լայն աշխարհագրություն:

Օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետության Ճշմարտության և Հաշտեցման հանձնաժողովը (The South African Truth and Reconciliation Commission (TRC) ստեղծվել էր՝ ապարտեիդի հետևանքով մարդու իրավունքների համակողմանի խախտումներին և բռնություններին անդրադառնալու համար:  Քենիայի Ճշմարտության և Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվել էր` ուսումնասիրելու մարդու իրավունքների խախտումներն ու չարաշահումները, կոռուպցիոն բնույթի խախտումները, հողերի զավթումները և սոցիալական, ինչպես նաև տնտեսական իրավունքների խախտումները սկսած Քենիայի անկախությունից ի վեր` 1962 թվականից :

Թունիսի ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովները ևս ձևավորվել էին որպես անցումային արդարադատության հաստատություններ, որոնք զբաղվելու էին անձանց փոխհատուցումների, կոռուպցիայի և մարդկանց իրավունքների խախտումների ուսունասիրություններով, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեխոխումների վերահսկողությամբ: Ֆիլիպիններում 2010 թվականին ևս ձևավորվել էր ճշմարտության հանձնաժողով, որը զբաղվելու էր կոռուպցիայի դեպքերի ուսումնասիրություններով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս