ԼՈՂԱՓՆՅԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում եւ խստացումներ սահմանել, օրինակ, ոռոգման համակարգերի աղտոտման համար: Բացի այդ, նախագծով խստացվել են նաեւ ՀՀ վարչական օրենսգրքի ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: Այդ հոդվածներով վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը, քանի որ վերոնշյալ հոդվածների դեսպոզիցիաներում ներկայացված ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի օգտագործման ու պահպանության կանոնների խախտմանն ուղղված գործողություններն առաջացնում են ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում  եւ այլ վնասակար երեւույթներ:

 

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն՝ տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաեւ ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաեւ իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության եւ վարչական տույժեր նշանակելու հետ։

Այժմ ներկայացնենք տուգանքները՝ ըստ խախտումների.

«Տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրաապատիկի չափով եւ ինքնակամ կառույցների վերացմամբ:

Ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի՝  առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրաապատիկի չափով եւ ինքնակամ կառույցների վերացմամբ:

Կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) ջրեր (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրաապատիկի չափով:

Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը եւ/կամ հեռացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Խեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված/նախատեսված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք եւ ելք իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

 

 

 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ

14-ամյա աղջիկը երեկ նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել: Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետեւ տեղափոխվել Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

 

 

ՄՈՏ 10 ԸՆՏԱՆԻՔ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ քսան դեպք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը: Նա նշել է, որ այս պահի դրությամբ համայնքում կորոնավիրուս հիվանդությամբ վարակվել են մոտ 10 ընտանիք, սակայն, վերջինիս խոսքով, դեռեւս վարակի աղբյուրը պարզված չէ: «Բոլորը մեկուսացած են, 30 տարեկանից մինչեւ 55 տարեկանի սահմաններում են վարակակիրները, չգիտենք կոնկրետ, թե որտեղից են վարակվել: Ընդհանուր առմամբ համայնքում խուճապ չկա, կատարվում են համապատասխան ախատահանիչ բոլոր միջոցառումները»,-ասել է նա:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին քննարկումներ են գնում Գեղարքունիքի մարզպետի հետ հետագա գործողությունները պարզելու համար:

 

 

ՀԱՏՈՒԿ ՉՎԵՐԹ

Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը: «Երեւան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Մայիսի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում օրվա երկրորդ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է հարավ-արումտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +31 +33:

 

 

 

ՊԱՐԶՎՈՒՄ ԵՆ

Նախօրեին դժբախտ պատահարի հետեւանքով Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքի տնօրինության էլեկտրաֆիկացման եւ էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն: Պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ:

 

 

ՉՎԵՐԹ ԿԼԻՆԻ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տեղեկացնում ենք, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ»:

 




Լրահոս