ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական
պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:
ՏՄՊՊՀ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին պարետատան կողմից
սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:
«Այս ակցիան քաղաքացիների սոցիալական պատասխանատվության բարձրացմանն
ուղղված ևս մեկ քայլ է,միմյանց նկատմամբ հոգածություն ցուցաբերելու ևս մեկ
առիթ:
Այս փուլում շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ
իրենից շատ բան է կախված, և պարզ կանոններով, մասնավորապես դիմակ կրելու
միջոցով կարող է կարևոր քայլ կատարել համավարակի ընթացքը կասեցնելու
ուղղությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հիվանդությունը տարածվի՝ վտանգելով իր
և իր հարազատների, հարևանների, գործընկերների կյանքն ու առողջությունը»,-
նշել է Գեղամ Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում դիմակների գների տեսանելի նվազում է
արձանագրվել: Տեղական արտադրության դիմակների մեծածախ գինը 60 դրամ է,
մանրածախը՝ 70-110 դրամ, ներկրվող դիմակների գները ևս իջնում են, և
ակնկալվում է, որ այդ միտումը շարունակական է լինելու, ինչը
հնարավորություն կտա, որպեսզի դիմակների կրման պարտադիր պահանջի կատարումը
շատ մեծ սոցիալական բեռ չլինի քաղաքացիների համար:
Նա հիշեցրել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղական ընկերությունների
համագործակցության շնորհիվ քաղաքացիները կարող են մատչելի գնով պաշտպանիչ
դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում, մասնավորապես մետրոյի
կայարաններում տեղակայված ինքնաշխատ տաղավարների միջոցով: Գեղամ Գևորգյանը
նշել է, որ առաջիկայում դրանց գինը կդառնա 2 հատի դիմաց 150 դրամ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արմեն Մաղաքյանի
խոսքով՝ բնակիչների շուրջ 90 տոկոսից ավելին արդեն դիմակներ կրելու պահանջը
պահպանում է: Թաղապետարանն իր հերթին շարունակում է իրազեկման աշխատանքներ
իրականացնել: