30 տարի պաշտոնավարած համայնքի ղեկավարն անխոչընդոտ տնօրինում է բյուջեն, հաշվետվություններ չի ներկայացնում. Ավագանու նախկին անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քասախի համայնքի ավագանու նախկին անդամների և համայնքապետի միջև տարաձայնությունները շարունակվում են: Ավագանու նախկին անդամները նշում են, թե համայնքի ղեկավարն ապօրինաբար դադարեցրել է իրենց լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարն էլ ասում է, թե ավագանու նախկին անդամները շինծու դիմում-բողոքներ են ներկայացնում իր դեմ:

Քասախ համայնքի ավագանու նախկին անդամ, «Քասախ դուխով» նախաձեռնության անդամ Արթուր Մարդանյանը պնդում է, որ իրենց համայնքի ղեկավարն, որն արդեն 30 տարի է, ինչ պաշտոնավարում է, ապօրինի դադարեցրել է ավագանու անդամների լիազորությունները՝ օգտվելով ՏԻՄ օրենսգիրքի բացերից:

«Մեր համայնքում համարյա 9-10 ամիս է` ավագանին բացարձակ չի գործում, նման բան պատմության մեջ չի եղել: Համայնքի ղեկավարն անխոչընդոտ տնօրինում է բյուջեն, ոչ ոքի հաշվետվություն չի ներկայացնում ու որոշումներ է կայացնում»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Մարդանյանն ու պատմեց, որ 2018թ-ի բյուջեին համայնքի ավագանին դեմ է քվեարկել, սակայն համայնքի ղեկավարը  դա հաշվի չառնելով  համայնքի բյուջեն օգտագործել է:

Հիշեցնենք, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, թե իր քաղաքական հայացքների և «Հայաստանի հանրապետական» կուսակցությանն անդամակցելու համար պարբերաբար իր դեմ գործեր են հարուցվում: Նա նաև հայտնել էր, որ անգործության համար համայնքի ավագանու վեց անդամի լիազորությունները դադարեցրել է. «Այդ վեց անդամներն են էլ ՔՊ-ականներ են, և նրանք շինծու դիմում-բողոքներ են ներկայացնում, նաև ունեն մարզպետարանի օգնությունն ու ՔՊ-ական իրենց խմբի աջակցությունը»,-ասել էր Արա Մկրտչյանը:

Արթուր Մարդանյանի խոսքով, Քասախ համայնքի ղեկավարին մի շարք մեղադրանքներ կան առաջադրված, իրենք պարբերաբար դիմում են պատկան մարմիններին, դատական ատյաններին, սակայն գործն ընթացքի չի ստանում:
Դիտարկմանը, թե կարծում եք` համայնքի ղեկավարը մարզպետի աջակցությու՞նն ունի, նա դրական պատասխան տվեց ու ընդգծեց, որ սկզբնական շրջանում մարզպետի կողմից աջակցություն եղել է, և Արա Մկրտչյանն առանց ավագանու որոշման հաստատել է տարբեր ծրագրեր:

«Նա համայնքին պատկանող հողը Կոտայքի մարզի սահմանից անջատել ու տվել է Դավթաշեն համայնքին, և դա այժմ գերեզմանատուն է: Համայնքային պատկանելության գույքն իր եղբորորդուն է ուղղակի վաճառել: Նա հիմա ավելի խայտառակ ձևով շարունակում է նույն հանցագործությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Սոնա Գևորգյան




Լրահոս