Կոտայքի մարզի համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ըստ
այդմ՝ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորագույն մասն են կազմում
նախակրթական հաստատությունների կառուցումը:
Այդ համատեքստում Կոտայքի մարզից ներկայացվող սուբվենցիաների շարքում մշտապես առկա են
մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրեր:
Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Նաիրիի տարածաշրջանի
Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այցելեց արդեն այս աշնանը շահագործման հանձնվող
երկու մանկապարտեզներ:
Պետք է փաստել, որ կատարվել է որակային նոր սանդղակ սահմանող աշխատանք:
Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք
համաֆինանսավորման եղանակով
Կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր
մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը
113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
Հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար
նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800
ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
Առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը, համայնքի միջոցներով վերանորոգումից, տանիքի
փոփոխությունից և կահավորումից հետո, կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ: