ՆՈՐ ՏԻՊԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի Երեւանի քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսում քաղաքի համար նստարաններ եւ աղբամաններ գնելու համար, սակայն հաճախ այդ թանկարժեք նստարանները հայտնվում են անմխիթար վիճակում եւ այդպես էլ չեն վերանորոգվում: ArmLur.am-ը, շրջելով քաղաքում, կրկին այդպիսի նստարանների ականատես եղավ, որոնք կոտրված են կամ վերանորոգման կարիք ունեն: Եվ ArmLur.am-ը հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2020թ-ին Երեւանի քաղաքապետարանը քանի նստարան է ձեռք բերել եւ որքան գումար է ծախսել այդ նպատակով: Եվ նաեւ հետաքրքրվել էինք, թե 2020թ.-ին Երեւանի քաղաքապետարանը քանի ջարդված նստարան է վերանորոգել եւ որքան գումար է տրամադրել վերանորոգման համար:

 

Եվ, ահա, Երեւանի քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան՝ նախ նշել են, թե 2020թ. Երեւանի քաղաքապետարանի կողմից նստարանների եւ աղբամանների գնում չի իրականացվել, ըստ այդմ՝ գումար չի ծախսվել։ Ներկա պահին Երեւան քաղաքում տեղադրվում են 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից գնված նստարանները։ Քաղաքապետարանից նաեւ հավելել են, թե Երեւանի քաղաքապետարանի կողմից 2020 թվականին նստարանների եւ աղբամանների մասնակի եւ ամբողջական գնում չի իրականացվել։ Այսինքն՝ քաղաքապետարանը չի պատասխանել մեր այն հարցին, թե որքան գումար է տրամադրվել նստարաններ վերանորոգելու համար:

Դրան գումարած՝ քաղաքապետարանից մեր հարցման պատասխանում նշվել է, թե այժմ մասնագետների կողմից մշակվում եւ ձեւավորվում են նոր տիպի նստարաններ եւ աղբամաններ, որոնք հիմնովին տարբերվելու են Երեւան քաղաքում նախկինում տեղադրված նստարաններից եւ աղբամաններից։ Այնտեղից հայտնում են, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է, վերջնական տարբերակները ընտրելվուց եւ հաստատվելուց հետո կհայտարարվի գնման մրցույթ։

Սակայն դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարի եւս գերթանկարժեք աղբամաններ եւ նստարաններ է գնել: Պաշտոնական փաստաթղթերից գրել էինք, որ  2019 թվականի օգոստոսի 20-ին քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ, եւ պայմանագրի գինը կազմում էր 82 մլն 200 հազար դրամ:

Այսպես, այդ պայմանագրի համաձայն՝ ձեռք էին բերվել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի միավորի արժեքը կազմում է 164 հազար 400 դրամ: Եվ նկատենք, որ նախկինում էլ  Երեւանի քաղաքային իշխանությունները  աղբամանները ձեռք էին բերում «Նիկոլ Դուման»-ից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս կազմակերպության հիմնադիրներից մեկը` Կառլեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ:

Մյուս կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ քաղաքապետարանն աղբամանների գնման հարցում գոնե գումարի տնտեսում է արել: Մեզ հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանն օգոստոսի 20-ին պայմանագիր կնքել է նաեւ «Բելմետ» ընկերության հետ, ըստ որի` ձեռք է բերվել 600 հատ մեծ աղբաման ձուլվածքով, միավորի գինը կազմել է 40 հազար 800 դրամ` նախկին 78 հազար դրամանոցի դիմաց: Այսինքն` այս դեպքում քաղաքապետարանը մեկ աղբամանի գնման մեջ տնտեսել է 37 հազար 200 դրամ:

Ի դեպ, նշենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին քաղաքապետարանը հայտարարել էր նստարանների, աղբամանների ձեռքբերման բաց մրցույթ, ինչից որոշ ժամանակ անց` հունիսի 26-ին, գնումների բողոքարկման խորհուրդը բողոք է ստացել ՀՀ քաղաքացի Սասուն Աբրահամյանից, եւ այդ պատճառով գնման գործընթացը կասեցվել էր:

Եվ, փաստորեն, Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ այս պահին  մշակվում եւ ձեւավորվում են նոր տիպի նստարաններ եւ աղբամաններ, որոնք հիմնովին տարբերվելու են Երեւան քաղաքում նախկինում տեղադրված նստարաններից եւ աղբամաններից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԿԱՅԱՑԱՎ

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստը չի կայացել, քանի որ քվորում չի ապահովվել: Նիստին ներկա են եղել Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաեւ առաջին անգամ նիստին մասնակցել է Վահե Գրիգորյանը։ Ստացվում է, որ նիստին չեն ներկայացել նաեւ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը ե Ֆելիքս Թոխյանը: Հիշեցնենք, որ պետք է քննարկվեր 8 հարց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի դիմումը հետ վերցնելու հարցը։

 

 

ՆԻՍՏՆ ԸՆԴՄԻՋՎԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը կրկին խնդրել է ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջեւ սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաեւ, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը, դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստն ընդմիջել է՝ ասելով՝ եթե տեխնիկական մասը հաջողվի ապահովել, նիստը կշարունակվի։

 

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՊԵԿ-ԻՑ

ՀՀ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական եւ գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ. թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, եւ կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԾՈՎԱԳՅՈՒՂՈՒՄ

Հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:33-ին, Հայաստանում՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

ԱՌԵՎՏՈՒՐԸ ՆՎԱԶԵԼ Է

2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը նվազել է գրեթե 2,5 տոկոսով, իսկ 2020 թվականի 5 ամիսներին՝ 6,03 տոկոսով:

«2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների ապրանքաշրջանառությունը, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 171 400 000 դոլար: Այն նվազել է շուրջ 2,5 տոկոսով»,- փոխանցել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից: Հայաստան ուկրաինական արտահանումը կազմել է 145 300 000 դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ նվազել է 2,7 տոկոսով: Ուկրաինա հայկական ներմուծումը կազմել է 26?100?000 դոլար, նվազել է 3,8 տոկոսով: 2020 թվականի 5 ամիսներին Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 49 970 000 դոլար եւ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 3 210 000 դոլարով կամ 6,03 տոկոսով:

 

ԿԱՍԵՑՐԵԼ Է

«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածը, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցը, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղը, մարզերի եւ մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երեկվա կասեցումների ցանկում են։ Կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսվարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։ Տեսչական մարմինը տնտեսվարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաեւ զգոնության կոչ անում։

 

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀՀ քննչական վարչությունում ավարտվել է 17-ամյա երիտասարդի կողմից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2020թ. հունվարի 10-ին 17-ամյա երիտասարդը գնումներ կատարելու նպատակով մտել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում գտնվող խանութ եւ նկատելով աշխատակցուհու պարանոցի ոսկյա շղթան, կախազարդը՝ ձգել-պոկելով բացահայտ հափշտակել է դրանք եւ դիմել փախուստի: 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

 




Լրահոս