Կարևոր է արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցումն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծումը․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներքո՝ տնտեսվարողների համար արտահանման և ներմուծման գործընթացները հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով: Ըստ պատասխանատուների, մեկ վայրում՝ վերը նշված կենտրոնում, գործելու են նաև արտահանման և ներմուծման գործառույթներում ներգրավված շահագրգիռ մյուս գերատեսչությունների ծառայությունները, ինչի արդյունքում տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի լիցենզիաների, թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով այցելել այս կամ այն վայրում գտնվող գերատեսչություն, կորցնել ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ԱՏԳ կենտրոնի զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև հետագայում նախատեսվող այլ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովման, փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տնտեսվարողների համար ապահովենք գործունեության լավ պայմաններ ու հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի կարևոր ու ռազմավարական նշանակություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առաջիկայում քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:




Լրահոս