ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:
«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա նշեց, որ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով: