Ռուսաստանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը, Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանն այդ տարածաշրջանում:
«Ինչպես ռուսաստանցիները մասնակցում են հրադադարի վերահսկողության աշխատանքներին, այնպես էլ դրանով զբաղվելու են նաև մեր խմբերը։ Ռուս զինվորականները այնտեղ սկսել են տեղակայվել որոշակի կետերում։ ՌԴ-ից այստեղ է գալիս պատվիրակությունը, մեր ԱԳՆ ղեկավարները նույնպես բանակցում են», – ասել է Էրդողանը լրագրողներին։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հրադադարի վերահսկման կենտրոնը չի գտնվելու բուն Լեռնային Ղարաբաղում, այլ լինելու է Ադրբեջանի տարածքում։
Նոյեմբերի 10-Ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: