ԱՄՆ Նեվադա նահանգի Քլարքի մարզը ճանաչել է Արցախի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։

Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Քլարքի մարզի կառավարության շենքում տեղի ունեցած նիստին մասնակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Փաստաթուղթը հեղինակել են Քլարքի մարզի հանձնակատարներ Մայքլ Նեֆթը և Ջասթին Ջոնսը։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում ներկայացրել են Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով պայմանավորված մարդասիրական ճգնաժամը, որում հայտնվել է արցախահայությունը։

«Հռչակագիրը հանձնվեց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ դատի հանձնախմբի Նևադայի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննիսյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև Լաս Վեգասի հայկական եկեղեցիների հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դահլիճում ներկաների թիվը սահմանափակ էր համավարակի արգելքների պատճառով, ուստի բազմաթիվ ամերիկահայեր հավաքվել էին դրսում՝ Քլարքի մարզի հանձնակատաների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման փաստը ողջունելու համար։ Դեսպան Բայբուրդյանը գնահատանքի խոսք ասաց Լաս Վեգասում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին և Հայ Դատի հանձնախմբի Նևադայի կազմակերպության համանախագահ Լենա Հովհաննիսյանին` արդյունավետ աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը շաբաթներ առաջ նամակով դիմել էր Նևադայի նահանգի ընտրված պաշտոնյաներին Արցախի Հանրապետության ճանաչման կոչով և համապատասխան հիմնավորումներով»,- ասված է հայտարարությունում:




Լրահոս