ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ էականորեն ավելացրել են ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Հայտարարության համաձայն՝ այդ ռիսկերն է՛լ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:  Դատախազությունը ՀՀ քաղաքացիներից ակնկալում է ողջախոհ եւ օրինապահ վարքագիծ՝ երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գիտակցմամբ:

 

«Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այդ ռիսկերն է՛լ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում: Իսկ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը՝ հաճախ միաժամանակ հակընդդեմ տարբեր շրջանակների կողմից անցկացվելով, դրանց ընթացքում արվող առանձին հայտարարություններում դրսեւորվող ագրեսիան, ատելության խոսքը լուրջ նախադրյալներ են ստեղծել նման ապակայունացման համար:

Վերոնշյալ իրողություններն իրենց ընդհանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերի, հասարակական անվտանգության եւ իրավակարգի սպառնալիքները՝ բազմապատկելով հանցագործությունների կանխարգելմանը, հանցավոր դրսեւորումների բացահայտմանը եւ իրավական ներգործության միջոցների կիրառմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը: Վերջիններս այս օրերին գործում են ուժերի գերլարումով՝ խնդիր ունենալով մի կողմից ապահովելու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հասարակական կյանքի բնականոն կենսագործունեությունը, մյուս կողմից՝ վերահսկելու օպերատիվ իրավիճակը՝ պետական անվտանգության համատեքստում:

Համանման իրավիճակում հատկապես նախապատրաստվող ծանր, առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներն արագ արձագանքման, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում նախ կանխարգելման, ապա օբյեկտիվ ու արդյունավետ քննության անհրաժեշտություն են առաջացնում: Իրավապահ մարմինները վճռական են այդ գործում, ձեռնարկվել եւ ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ:

Այդպիսի անհրաժեշտությունը աներկբա պահանջում է քրեական հետապնդման համապատասխան մարմինների համագործակցված, քրեական վարույթի անխափան ու անխոչընդոտ ապահովման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթների օպերատիվ եւ արդյունավետ իրականացում:

Մինչդեռ վերոնշյալ բնույթի առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսեւորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսեւորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաեւ դատավարական որոշումներով: Եվ չնայած այդ անհիմն եւ որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաեւ շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տեւական, ռեսուրսատար եւ բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ:

Համոզված լինելով, որ իրավունքի գերակայության, արդարադատության իրականացման բարձր առաքելությունն իրականացվում է ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքների անվերապահ կատարման, այլ ոչ թե դրա գիտակցմանն ուղղված գերատեսչական հրապարակային հայտարարություններով, որոնք, այսպես, թե այնպես, ենթատեքստ են ստանում կոնկրետ իրավիճակում եւ կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված՝ հանրային, պետական անվտանգության ապահովման պատասխանատվության, ծառայողական վեհ պարտքի բարձր գիտակցումով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը երեկ մեկնել են ոստիկանության Երեւանի եւ Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաեւ տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Երեկ նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաեւ Գյումրիում։

 

 

ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 1667-ՈՎ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝ հասնելով 123 հազար 646-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 30 դեպք: Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 366-ով եւ հասել 90 հազար 754-ի: Իրականացվել է 4 հազար 459 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 480 հազար 445-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1900-ի, եւս 488 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 504 մարդ:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԱՐՑԱԽ

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ: Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի եւ կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր: Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նա?? ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի եւ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի եւ մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների եւ պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր:

 

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության եւ գերեվարված անձանց նկատմամբ։ Քննարկվել են նաեւ ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։ Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաեւ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

 

 




Լրահոս