«ՆԱՐԵԿԸ ՀԵՐՈՍԱՑԱՎ՝ ՓՐԿԵԼՈՎ ԻՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ՊԱՏՄՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ՆՇԱՆԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննիսյան Նարեկը ծնվել է 1992 թվականին Խաչաղբյուրում։ Պատերազմից երկու ամիս առաջ սկսել է աշխատել ՊՆ-ում՝ որպես հակատանկային դասակի հրամանատար։ Նարեկը Ռուսաստանից Հայաստան էր եկել մեկ տարի առաջ սիրած աղջկա հետ ամուսնանալու նպատակով։ Նշանադրությունից հետո որոշել է այլեւս չթողնել հայրենիքն ու ապրել այստեղ։ Սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում երեք տանկ խոցած, հերոսաբար մարտնչած Նարեկը եւս բռնեց անմահության ճանապարհը, սնարյադի հարվածից զոհվելով՝ իր հետ տարավ բազում նպատակներ ու երազանքներ։

 

Նարեկ Հովհաննիսյանի նշանածը՝ Նոննա Համբարձումյանը, «Ժողովուրդ» օրաթերթին է պատմել իրենց չիրականացած երազանքների եւ սիրելիի հերոսական կերպարի  մասին։

«Նարեկն ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, ծանոթացել ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցով, շփվեցինք, սիրահարվեցինք եւ նշանադրվեցինք: Գալով Հայաստան՝ Նարեկն այլեւս չուզեց Մոսկվա վերադառնալ, թեեւ իր իրերն էլ անգամ Հայաստան չէր բերել, քանի որ մտածում էր, որ անպայման հետ է վերադառնալու, բայց այնպես ստացվեց, որ որոշեցինք մեր հետագա կյանքը շարունակել Հայաստանում՝ մեր հայրենիքում: Որոշ ժամանակ անց նա որոշեց, որ պետք է ծառայության անցնի Պաշտպանության բանակում, եւ այս տարվա օգոստոսի 4-ին անցավ ծառայության՝ որպես հակատանկային դասակի հրամանատար: Երբ լսեցինք այդ բոթը, որ սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը, նա առանց մեկ վայրկյան հապաղելու մեկնեց առաջնագիծ: Նարեկը կռվել է Քարվաճառում իր դասակի զինվորների հետ միասին մինչեւ վերջին շունչը»,- պատմում է Նարեկի սիրելին:

Նոննա Համբարձումյանի խոսքով՝ հոկտեմբեր ամսին սպասվում էր նրանց պսակադրությունը, որի պատրաստություններն այդպես էլ մնացին անավարտ:

«Պատերազմի առաջին օրվանից Նարեկին չեմ տեսել, զանգահարում, խոսում էի, խնդրում, որ գա, հարսանիքի համար շատ անելիքներ կային, միասին շատ գնումներ պետք է կատարեինք, բայց ամեն անգամ ասում էր՝ ես իմ 18 տարեկան զինվորներին երբեք միայնակ չեմ թողնի այս անծանոթ վայրերում: Նարեկն իր դասակի հետ երեք օր մնացել է թշնամու շրջափակման մեջ, սակայն  իր հմուտ գործողությունների շնորհիվ կարողացել է դուրս գալ շրջափակումից իր ինը զինվորների հետ միասին: Նարեկը խոցել է երեք տանկ: Հոկտեմբերի տասին, երբ մտածում էինք, որ հրադադար է, ամեն վայրկյան ժամերն ենք հաշվում, որ հիմա կգա, բայց իմացանք, որ զոհվել է ականի հարվածից, եւ այդ օրվանից ամբողջ աշխարհն ինձ համար դարձավ դժգույն: Հարվածը եղել է գլխուղեղին եւ սրտին: Նարեկը հերոսացավ՝ փրկելով իր զինվորիներին եւ մեր ամուսնական մատանին մատին»,-հուզմունքով, բայց միեւնույն ժամանակ հպարտությամբ հիշում է մեր զրուցակիցը:

Նոննան մեզ հետ զրույցում հավելում է, որ կորստի ցավն անդառնալի է, բայց հպարտ է, որ հերոս Նարեկի նման սիրելի է ունեցել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԲՈՒԺԵԼ ՄԻՄՅԱՆՑ ՎԵՐՔԵՐԸ». ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԵՎԱԿ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, որի՝ ավերված եկեղեցում արված լուսանկարը տարածվել է ամբողջ աշխարհում, դրամահավաք է սկսել՝ ի աջակցություն Արցախի արվեստի գործիչների։ 

 

«Արցախում վերջին պատերազմը փոխել է հազարավոր մարդկանց կյանքեր՝ նրանց թողնելով անտուն ու աղքատության մեջ։ Արցախում ապրող հայերը ստիպված են լքել իրենց տները եւ Հայաստանում փախստական դառնալ։ Մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար, որոնք հիմա մեր աջակցության կարիքն ունեն։ Մեր պարտքն է ամեն օր օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր տառապում են ու բախվում դժվարությունների։

Այս բարդ ժամանակները հաղթահարելու համար մենք պետք է ուժեղ մնանք եւ սա միասին հաղթահարենք։ Մենք որոշել ենք դրամահավաք սկսել Արցախի երիտասարդ արտիստների ընտանիքներին աջակցելու համար, որոնք տուժել են վերջին պատերազմի հետեւանքով։ Բոլոր միջոցները կուղղվեն նրանց ընտանիքներին ֆինանսական եւ այլ աջակցություն տրամադրելուն։ Կարող եք ստորագրել եւ տեսնել ընտանիքներին, որոնց մեր դրամահավաքն աջակցում է։

Միացեք մեզ եւ օգնեք միջոցներ հավաքել Արցախի երիտասարդ արտիստների ընտանիքների համար։ Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք՝ նոր հույս ներշնչելու նրանց, ովքեր բարդ ժամանակներ են ապրում։ Միասին կարող ենք բուժել միմյանց վերքերը եւ մեր երկիրն առավել ջանասիրաբար վերականգնել, քան երբեւէ։ Շնորհակալություն մշտական աջակցության համար»,- ասված է դրամահավաքի նկարագրությունում։

 

 

ԽԱՂԵՐԸ ԿԱՅԱՑԱՆ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի խաղերը: Պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի թիմերը: E խմբում «Կրասնոդար»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ռեն»-ին, իսկ «Չելսի»-ին 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սեւիլիա»-ի դարպասը: F խմբում «Զենիթ»-ը զիջեց «Բրյուգե»-ին (0:4), իսկ Դորտմունդի «Բորուսիա»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի: G խմբում «Յուվենտուս»-ը ոչ մեծ դժվարության` 3:0 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամո»-ի նկատմամբ, նույն հաշվով «Բարսելոնա»-ն հաղթեց «Ֆերենցվարոշ»-ին: Եվ H խմբում Ստամբուլի «Բաշակշեհիրի»-ն 3:4 հաշվով պարտվեց «Լայպցիգ»-ին, ՊՍԺ-ն էլ արտագնա խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` 1:3:

 

 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼ

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում: «Ե՞րբ ես պատրաստ լինելու, Մաքգրեգո՛ր»,- տեսանյութին կից գրել է Սերխիո Ռամոսը՝ մարտահրավեր նետելով խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոնին: Ավելի վաղ Սերխիո Ռամոսը եւս մի քանի անգամ հայտարարել էր, որ ցանկություն ունի մենամարտել Մաքգրեգորի հետ:

 

ՆՈՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ

«ԱրմենՏել»-ից «Տելեկոմ Արմենիա». Հայաստանի առաջին կապի օպերատորը նորից հայկական է:  Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի եւ «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը, որի համաձայն՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն անցնում է «Թիմ» ՍՊԸ-ին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնավորապես նշեց. «Շատ ոգեւորիչ է գիտակցել, որ Հայաստանը վերջապես ունի կապի իսկապես ազգային օպերատոր: Մենք մտադրված ենք մեր ու մեր երկու միավորված թիմերի ամբողջ ներուժը ուղղել Հայաստանում լավագույն առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը: Մեր բաժանորդները շատ շուտով կստանան լիովին նոր առաջարկներ ու ծառայություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն բիզնեսի, ուսման եւ ցանկացած այլ ակտիվությունների համար»:  Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանցը, որը կփոխի է թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների բոլոր պատկերացումները։ Այս մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն արդեն հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը եւ դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, սակայն, ըստ պայմանավորվածության, դեռ կպահպանվի որոշ ժամանակ:  Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ եւ Ալեքսանդր Եսայանները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ մեծ փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում:

 




Լրահոս