«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԳՐԵՍԻԱ». ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Հայաստանի մտավորականները կազմակերպել են  «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաք, որի ժամանակ բարձրաձայնել են  երկրի ներկա իրավիճակի հետ կապված իրենց մտահոգող հարցերը:

 

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը լավատեսորեն ընդգծում է, որ մեր ազգը հարություն կառնի եւ կորցրած հողերը հետ կվերադարձնի:

«Ես լավատես եմ, մենք հարություն կառնենք եւ հողերը կվերադարձնենք: Ես ունեմ կոնկրետ երկու առաջարկ: Ես միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ, եւ ես դարձել եմ թշնամի իմ սեփական ժողովրդին: Սա փաստ է: Ես նաեւ մտել եմ սեւ ցուցակների մեջ: Մենք պետք է բարձրացնենք մշակույթի գործչի վարկանիշը: Նա պետք է թելադրողի լինի, այլ ոչ թե լինի շատ ցածր եւ չկարողանա պայքարել թուրքամետ մշակույթի դեմ: Քանի որ մեր Սյունիքը վտանգված է, ես առաջարկում եմ մշակութային ագրեսիա: Առաջարկում եմ ինչ-որ հետաքրքիր ֆեստիվալի հիմք ունենանք, եւ այսօրվանից այնտեղ խոսվի այդ փառատոնի մասին: Թող սկսվի հենց հունվարից: Երկրորդ առաջարկը. մենք ունենք մեծ բանակ, ռաբիս ենք ասում, եկեք ասենք թուրքամետ երաժշտության երաժիշտների մեծ բանակ: Մարդիկ  մեղավոր չեն, ծառայում են պահանջարկին: Եկեք մշակույթի գործիչներով ստեղծենք մաստեր կլասի խմբակներ, որտեղ մեր ուրախացնող ռաբիսները վերապրոֆիլացման դասեր կանցնեն հայ ազգային երգի: Հայ ազգային երգը բացարձակ լացակումած չի: Ինչո՞ւ պետք է խեղճանանք պայքարել մի բանի դեմ, որն ապազգային է, խանգարում է մեր մշակույթին»,-շեշտեց նա:

Իսկ, ահա, ռեժիսոր Լեւոն Իվանյանի խոսքով՝  100 տարի  պետություն, անկախություն չենք ունեցել. «Մենք այդպես էլ անտեր մնացինք, մեզնով զբաղվում են բոլորը, բացի մեզանից: Մենք չունենք այդ մարդը, մի Նժդեհ կար, էն էլ զզվեց, թողեց գնաց: Դրանից հետո էլի Հայաստանով զբաղվում են մարդիկ, որոնցից ոչ մեկը հայրենանպաստ գործունեություն չի վարում: Մենք 100 տարվա մեջ չկարողացանք միջազգային միակ իրավունքին՝ Սեւրի իրավարար վճռին տեր կանգնել: Անտեր թողել ենք, որովհետեւ տեր չունենք, որովհետեւ անտեր երկիր ենք: Անտերն այն է, որ չես կարող որոշում կայացնել ու դրանով զբաղվել, քեզ ո՞վ է թողնելու: Ռուսաստանը չի թողնելու, Թուրքիան չի թողնելու: Հիմա ումի՞ց ենք բան պահանջում: Հիմա Հայաստան էլ չունենք: Արցախը մեր ձեռքից տարան, հիմա Զանգեզուրն են տանելու: Ո՞վ է տեր կանգնելու, սրա՞նք, իհարկե ոչ: Սրանք երեւի մնում են, որ Զանգեզուրն էլ տան: Ամենահավանականն այն է, որ այս երկիրը բաժանվելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»,-ընդգծեց Իվանյանը:

Իսկ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում կարող են միայն մեկ բան պահանջել՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Այն մարդու, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է: Մեկ մարդու վրա միգուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն եւ պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, եւ բնականաբար,  պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-հավելեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ՊՈՒՏՐԱ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ

«Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ՝ Յեն Գոհ (Մալայզիա), Արմեն Բաբախանյան (Հայաստան), Ադամ Ջորջի (Հունգարիա), Լյու Դուկ Ան (Վիետնամ), Ջուլիան Ջակոբսոն (Մեծ Բրիտանիա) եւ Լու Ֆանգ Չիաթ (Մալայզիա): Մրցույթն անցկացվել է 7 անվանակարգերում, որոնց մասնակցել են 29 երկրների 243 երիտասարդ երաժիշտներ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները եւս իրենց գործուն մասնակցությունն են ունեցել մրցույթում՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ: Այսպես, Արթուր Գրիգորյան եւ Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին: Նանե Խալաթյանն էլ (դաշնամուր)  «Young artist» անվանակարգում արժանացել է 2-րդ մրցանակին:

Նշենք նաեւ, որ մրցույթի հաղթող Արթուր Գրիգորյան եւ Արմեն Պուչինյան դուետը 2021 թ. աշնանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կմասնակցի մրցույթի հաղթողների Գալա համերգին:

 

 

ՄԵՍՍԻՆ ԽՈՍԵԼ Է

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսիի մասին: «Մենք մրցանակաբաշխության արարողությունների ենք մասնակցում արդեն 12-13 տարի, եւ ես երբեք Մեսիի մեջ չեմ տեսել մրցակցի, դրա մասին խոսում է միայն մամուլը: Մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ: Եթե հարցնեք Մեսիին, նա կասի ձեզ նույնը: Այս հաղթանակը վստահության կուտակում է: Մեզ անհրաժեշտ էր այսպիսի հաղթանակ մեծ թիմի դեմ խաղում: Երբ դու 3 գոլ ես խփում «Նոու Կամպում», չես կարող կասկածներ ունենալ այն հարցի վերաբերյալ, որ արժանի էիր հաղթանակի»,-ասել է Ռոնալդուն։ Հիշեցնենք, որ այդ խաղում 35-ամյա Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ 2 գոլերն էլ խփելով 11 մետրանոցից: «Յուվենտուսն» ու «Բարսելոնան» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին 15-ական միավորով: Թուրինցիները խմբում գրավեցին առաջին տեղը, իսկ կատալոնացիները՝ երկրորդ։

 

 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հարգանքի տուրք է մատուցել Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային: «Հաճելի էր ձեր հետ կիսել շատ հաջողություններ: Ալեխանդրոն մեծագույն մարդ էր, հրաշալի պրոֆեսիոնալ, որը մեծ հետք է թողել իմ կարիերայում: Շատ բան եմ սովորել նրանից: Միասին անցկացրել ենք կարիերայիս լավագույն պահերից մեկը՝ հասնելով ԱԱ-2014-ի եզրափակիչ: Ցավակցություններս Սաբելյայի ընտանիքին ու ընկերներին»,- Ինստագրամում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սաբելյան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2011-2014-ին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն: 2014թ. աշխարհի առաջնությունից հետո Սաբելյայի մոտ ախտորոշվել էր որկորի քաղցկեղ, որը բուժել չէր հաջողվել։

 

 

ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

«Աստանայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Sports.kz կայքի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում: «Այդ խաղացողը երեւի միակն էր, որ մայրաքաղաքային թիմում խաղադաշտում կռվում էր առաջինից մինչեւ վերջին րոպեն: Տիգրանն «Աստանա» տեղափոխվեց այդ ակումբի համար ոչ ամենալավ ժամանակաշրջանում, այլապես ավելի շատ օգուտ կարող էր տալ թիմին»,- 27-ամյա ֆուտբոլիստի մասին գրում է կայքը: Ղազախստանի ավարտված առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել 18 խաղի եւ դարձել 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Այս տարի «Աստանան» չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը եւ գրավեց երրորդ տեղը:




Լրահոս