Տեղացել է 1250 տոննա ձյուն. Մադրիդի իշխանությունները խնդրել են ձյան առատ տեղումների ֆոնին քաղաքն աղետի գոտի հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի իշխանությունները վերջին տասնամյակների ընթացքում ձյան ամենամեծ տեղումների վնասը գնահատել են գրեթե 1,4 միլիարդ եվրո և Իսպանիայի կառավարությանը խնդրում են քաղաքը հայտարարել աղետի գոտի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այս պահին մենք հաշվարկել ենք վերջին օրերի կործանարար հետևանքները. դրանք կազմում են 1,398 միլիարդ եվրո», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան: Նա բացատրել է, որ «հաշվարկները կատարվել են Մադրիդի քաղաքապետարանի տնտեսական գործունեության, ենթակառուցվածքների և գույքի վնասման հիման վրա»:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին քաղաքապետարանից, միայն նախնական գնահատականներով՝ քաղաքում, բացառությամբ պուրակների, ձյան տեղումների պատճառով 800 000 տնկիներից 150 000-ը ոչնչացվել կամ վնասվել են:

Ալմեյդան հորդորել է կառավարությանը հնարավորինս շուտ Մադրիդը աղետի գոտի ճանաչել:

Փոխքաղաքապետ Բեգոնյա Վիլյասիսի խոսքերով՝ միայն շենքերին հասցված վնասը կազմել է 29,75 միլիոն եվրո:

«Աղետի մասշտաբներն այնպիսին են, ինչպիսին մենք երբևէ չենք տեսել: Մադրիդում իրավիճակն աղետի գոտու իրավիճակ է»,-ավելացրել է նա: Փոխքաղաքապետը բացատրել է, որ քաղաքը որպես աղետի գոտի ճանաչելը թույլ կտա լրացուցիչ ֆինանսավորում ստանալ պետբյուջեից`հետևանքները վերացնելու համար:

Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ պատճառված վնասի չափը կարող է աճել:

«Մադրիդում 1250 տոննա ձյուն է տեղացել, քաղաքի կյանքն ընդհատվել է: Դա աղետ էր, որը մենք չէինք կարող կանխատեսել»,-ասել է քաղաքապետը: Նա նաև նախազգուշացրել է բնակիչներին, որ ժամանակ է պետք, որպեսզի քաղաքի կյանքը լիովին վերադառնա կյանքի բնականոն հունին:

Այս պահին քաղաքում շարունակվում է փողոցների մաքրությունը, մասամբ վերականգնվել է ավտոբուսների տեղաշարժը և աղբահավաքությունը, ընթանում են ընկած ծառերի և ճյուղերի հավաքման աշխատանքները, վերականգնվել է մերձքաղաքային և հեռակա ուղղությունների գնացքների շարժը, ինչպես նաև «Բարախաս» օդանավակայանի մասնակի աշխատանքը: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հեռակա աշխատել, իսկ դպրոցները փակ են մինչև հունվարի 18-ը:

Անցյալ շաբաթվա վերջին Ֆիլոմենա փոթորիկը հարվածել է Իսպանիային՝ ձյան տեղումներ, անձրևներ, քամու ուժեղ պոռթկումներ բերելով երկրին: Ձյան առատ տեղումները, որոնք գերազանցել են 1971 թվականի ռեկորդը, հանգստյան օրերին ամբողջովին կաթվածահար են արել Մադրիդը: Իրավիճակը սրվել է քաղաքում ցուրտ եղանակով, գիշերը օդանավակայանի տարածքում գրանցվել է -13-ից ցածր ջերմաստիճան:




Լրահոս