ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հայտարարել է 2,65 մլն ԱՄն դոլարի լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին եւ ձեւավորելով կոոպերատիվներ։
ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019թ.-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում-Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է 1,15 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում` ընդհանուր բյուջեն հասցնելով 5,15 մլն ԱՄՆ դոլարի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը, թիրախավորելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց ստանձնել տնտեսական առաջնորդի դեր։
Այս ամենը կհամալրի RED-NEO-ի ընթացիկ գործունեությունը՝ ամրապնդելու այգեգործության եւ խաղողագործության արժեշղթան Հայաստանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց արտադրական կարողությունները արդիականացնելու համար: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման եւ անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO-ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների՝ 2020թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը:
Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ՝ RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման եւ գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ գնահատումներից մեկի՝ գենդերային տնտեսական բացը վերացնելը Հայաստանի համար կարեւոր հնարավորություն կարող է հանդիսանալ։ Ավելին՝ երկիրը կարող էր գրանցել տարեկան 14 տոկոսի ՀՆԱ-ի աճ, եթե կանանց հնարավորություն տրվեր մուտք գործել աշխատաշուկա իրենց համապատասխան մակարդակով:
RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների եւ այլ սուբյեկտների միջեւ նոր համագործակցություն խթանելու եւ առկա կապերն ամրապնդելու համար:
ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ տրամադրում է լրացուցիչ 1.5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների եւ ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին` ֆորմալ կոոպերատիվների ամրապնդման, բիզնեսի զարգացմանն ու կանանց համար գյուղատնտեսական նորարարությունների հասանելիության մակարդակը բարձրացնելու համար:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է 1,9 մլն ԱՄՆ դոլար: 2020 թվականի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ` իրենց բիզնեսը ընդլայնելու եւ արտադրությունը կատարելագործելու համար:
Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը` համախմբելով տեխնիկական մասնագետների, ձեռներեցների եւ ինժեներների գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ մշակելու համար (օրինակ՝ առավելագույնի հասցնել արտադրանքը` օգտագործելով ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաներ, ջրի եւ պարարտանյութերի նվազագույն օգտագործմամբ): AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչեւ 2023թ. ապրիլի 30-ը առնվազն 1,000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից եւ տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ. արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի եւ տնային տնտեսությունների եկամուտների ավելացման:
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԵՐՋԻՆ «ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԿՆՈՋԸ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, պարզվում է, մինչ նախարարի իր պաշտոնին հրաժեշտ տալը հասցրել է «ՄԻԲՍ» ընկերության տնօրեն Վարդանուշ Թեւանյանի հետ կնքել եւս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն 680 հազար դրամ: Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 28-ին, ըստ որի՝ «ՄԻԲՍ»-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու:
Ինչպես հայտնի է, «ՄԻԲՍ» ընկերությունը 2011-2015 եւ 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը: Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թեւանյանը (2016/01/20-2017/01/10), այնուհետեւ կրկին Թորոսյանն է դարձել ընկերութան տնօրեն (2017/01/10-2018/05/29)։ Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս)։
Եվ առաջին անգամը չէ, որ այս ընկերության հետ խոշոր պայմանագիր է կնքվում: 2019-2020 թվականներին նախարարությունը եւս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել «ՄԻԲՍ» ընկերության հետ:
Եվ այստեղ հետաքրքիր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի՝ Առողջապահության նախարարության եւ Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։ Եվ չնայած այս եզրակացությունը հրապարակվել էր 2020 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն հենց դրանից օրեր անց է դեռ նախարար Թորոսյանը Վարդանուշ Թեւանյանի հետ կնքել հերթական պայմանագիրը:
«Միբս» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ։ Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ, մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային եւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ։
Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից եւ ոչ մեկի համար Առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են «մեկ անձից գնումներ» ընթացակարգով, մեկը՝ «գնում չհանդիսացող ծախսեր» ընթացակարգով:
ՋՐԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է
Նոյեմբերյանի համայնքապետարանը լուծում է Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, Ադրբեջանին սահմանակից Դովեղ, Բաղանիս, Կոթի գյուղերի խմելու ջրի հիմնահարցը։ Նոյեմբերյան քաղաքից մոտ 4 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ գյուղը խմելու ջուր էր ստանում գյուղի շրջակա անտառներում գտնվող աղբյուրներից։
Վերջին տարիներին բնակլիմայական պայմանների փոփոխությունների, չորային եղանակների պատճառով այդ աղբյուրների ջուրը խիստ նվազել է, Դովեղի բնակչությունը խմելու ջրի պակաս էր զգում։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ այդ խնդիրը լուծվեց Նոյեմբերյան քաղաքի՝ խմելու ջրի մատակարարման ցանցը Դովեղի խմելու ջրագծին միացնելու միջոցով։ Այդկերպ «Վեոլիա ջուր» ընկերությունը խմելու ջրի մեծաքանակ վաճառք է իրականացնում Նոյեմբերյանի համայնքապետարանին, որը իրականացնում է Դովեղ գյուղի խմելու ջրի ցանցի սպասարկում։ Դովեղի ջրագիծը Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի համակարգին միացնելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանը իրականացրել է ջրագծի փորման, խողովակների եռակցման աշխատանքները, «Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունը տրամադրել է ընդհանուր 2,4 կմ երկարությամբ խողովակներ, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող դովեղցիները հանգանակել են Դովեղի բնակիչների առանձնատներում տեղադրվելիք խմելու ջրի հաշվիչների ձեռբերման գումարը։ Լուծվում է նաեւ սահմանամերձ Բաղանիս գյուղի խմելու ջրի խնդիրը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նախատեսվում էր գյուղի շրջակա անտառում հորատել արտեզյան հոր, այնտեղից ջուրը պոմպերով մղել գյուղի ջրամատակարարման ցանց, սակայն արտեզյան հորի հորատումները արդյունք չտվեցին։
Որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսի խմելու ջրի մատակարարման ցանցին միացնել գյուղից 3 կմ հեռավորությամբ գտնվող աղբյուրների ջուրը։ Այդ նպատակով կկառուցվեն ջրահավաք ավազաններ, մաքրման կայան, որտեղ տեղադրվելիք մաքրող ֆիլտրերը կտրամադվեն բարեգործի կողմից։ Խմելու ջրի խիստ պակաս է զգացվում նաեւ սահմանամերձ Կոթի գյուղում։ Այնտեղ խորքային հոր է փորվել, ներկայումս ընթանում են խորքային հորից խմելու ջուր մղող պամպակայանի փորձարկման աշխատանքները։ Նախատեսվում է մոտ մեկ ամսից արտեզյան հորի պոմպակայանը գործարկել եւ Կոթի գյուղն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ