ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ՉԻ ԲԱՑՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի համար ունի ամբողջական պատասխանատվություն, եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաեւ նա է, որ պահպանի Սահմանադրությունը եւ դիմի ՍԴ»,- մարտի 8-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»:

 

Նա հավելեց, որ իրենք միշտ ունեն սցենարներ. «Վաղը, ըստ իրավիճակի, կորոշենք մեր քայլերը եւ կգնանք այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտահերթ ընտրությունների անցկացման թեմայով, Սաղաթելյանն ասաց, որ իրենք միայն մեկ օրակարգ ունեն՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը. «Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու, խոսելու, իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ  ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է: Նկատի ունենալով՝ «Հայրենիքի փրկության շարժումը»  գտնվում է իր վերելքի վրա՝ նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը եւ մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա, եւ նշանակեն արտահերթ ընտրություններ, ո՞ւմ է սպասում: Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ եթե ինքը մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն, իր ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ի՞նչ անի, թող հեռանա»,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» տեւական ժամանակ է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան եւ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք Բաղրամյան պողոտան փակեցին այն բանից հետո, երբ Զինված ուժերը պահանջեցին վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր վճռական բողոքն էր արտահայտում «անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական եւ հավակնոտ զգացմունքների վրա»:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը «պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը»:

«Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», – ասված է հայտարարությունում, որը ստորագրել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի՝ երեկ պաշտոնից ազատված առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները եւ բարձրաստիճան այլ զինվորականներ։

Ընդդիմադիր ուժերը հանրահավաք եւ երթ էին իրականացրել նաեւ մարտի մեկին: «Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր բանակի, հանրապետության նախագահի կողքին եւ մինչեւ վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաեւ մյուս կառույցներից։ Այս իշխանության հեռացումն անխուսափելի է: Համախմբենք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը», – մասնավորապես ասված էր շարժման հայտարարությունում։

Ն.Հ.

 

 

 

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ

Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումները կարող են հակառակ հետեւանքներն ունենալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում։ «Երբ մյուս կողմը մեզ է ներկայանում առավելապաշտական դիրքորոշմամբ եւ առաջ է քաշում պահանջներ՝ «կա՛մ կլինի մեր ձեւով, կա՛մ ոչ մի ձեւ» ոգով, ապա այդպիսի մոտեցումը մեզ մղում է դեպի տարբեր ուղղություններ», – թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ամերիկյան գործակալությունը։ Ռուսական արտադրության S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով անցած դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ թիրախավորելով այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարությանը։ Պաշտոնական Անկարան դատապարտել է դաշնակցի կողմից պատժամիջոցների ընդունման որոշումը եւ խոստացել պատասխան քայլեր։

 

 

 

194 ՄԻԼԻՈՆԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ եւ պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից՝  2020թ. հունվարի 24-ին  ներկայացված նյութերի հիման վրա՝ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության եւ ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման եւ պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194 մլն դրամ գումարի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր: Այդ կապակցությամբ 2021 թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:

 

 

 

ԿՈՉ ԿԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձեւ կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին, եւ որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից 100 օր անց: Բացի այդ, Արցախի հարավային թեւում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի եւ անբավարար տեսանելության պատճառով:

 

 

 

ԴԵՍՊԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: «Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը, եւ հրապարակվել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաեւ ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- ասել է դեսպան Անդրեա Վիկտորինը: Ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին  անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ինչը կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՏՆԵՆՔ

«Մարտի 8-ը պետք է տոն լիներ, բայց այս կոտրված մեջքով պարտված երկրում, քաոսի մեջ, անհայտ հեռանկարով բացարձակապես տոնի մասին խոսելու ո՛չ բարոյական, ո՛չ հոգեկան մթնոլորտ կա»,- ասել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Այսօր մեր թե՛ պարտության, թե՛ հպարտության, թե՛ արժանապատվությունը գտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով: Մեր շարժումը համոզված է, որ մեր կոտրված արժանապատվությունը, կորսվող հայրենիքի գահավիժումը անցնում է Եռաբլուրով: Նախ՝ մենք պարտք ենք մեր 5 հազար զոհերին: Մենք ուխտի պես ենք գնում նրանց մոտ՝ խոստանալու, որ նրանց արյունը զուր չի թափվել: Մենք պետք է վերագտնենք մեր հայրենիքը, հետ բերենք Շուշին էլ, Հադրութն էլ: Մենք պետք է մեր հողից հեռացնենք բոլոր դավաճաններին, եւ մեր հայրենիքը կոտրված մեջքով չի շարունակելու լինել»,-ասել է նա:

 




Լրահոս