Օնիկ Գասպարյանի գործը քննող դատավորի հարցը հասել է քրեական ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունն ընթացք կտա Բարձրագույն դատական խորհրդի դիմումին դատավոր Մհեր Պետրոսյանի մասով: Մեզ հասած լուրերի համաձայն, ԲԴԽ-ն դատախազին հասցեագրած դիմումում գրել է, որ դատավոր Պետրոսյանը  ԲԴԽ-ի հետ քննարկման ժամանակ ասել է, որ իրեն անհանգստացրել է մամուլի հրապարակումները, որ իրեն «նստեցնելու» են: Այս կապակցությամբ իրավապահները դատավորի գործով նաեւ կուսումնասիրեն մամուլի հրապարակումները՝ պարզելու համար, թե որտեղից են նրանք տեղեկություններ ստացել, որ դատավորին «կնստեցնեն»:

ArmLur.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ԲԴԽ-ի դիմումը, հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ԲԴԽ-ի դիմումը ՀՀ դատախազություն մեր կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու հանձնարարությամբ: Դրա արդյունքներով պայմանավորված կլինի քրեադատավարական վարույթի հարուցումը»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի դիմումը, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Քննարկմանը հրավիրվել  է դատավոր Մհեր Պետրոսյան և խոսել է իրեն անհագստացնող թեմաների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- հայտնում են ԲԴԽ-ից:




Լրահոս