Նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հզորացնել թիմը եւ աշխատել հատկապես այն տարածքների ուղղությամբ, որոնցում խնդիրներ են ունեցել 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Բանն այն է, որ որքան էլ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն աննախադեպ հաղթանակ տարավ, սակայն եղել են համայնքներ, որտեղ որքան էլ զարմանալի է, Փաշինյանի թիմը պարտվել է: Եվ հիմա նա հրահանգել է կենտրոնանալ հենց այդ համայնքների վրա: Սակայն այս անգամ էլ դժվարություններ կլինեն, քանի որ այդ համայնքների ղեկավարները շարունակում են մնալ նախկին իշխանությունների ներկայացուցիչները:
Իսկ հիմա խոսենք փաստերով.
Գեղարքունիքի մարզն ընդգրկող 20/16 ընտրատարածքի թվերն ամենախոսունն են: Իրավիճակն ուշագրավ է նաեւ այլ տեսանկյունից: Նախ նշենք, որ այստեղ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 182 ձայն այն դեպքում, երբ ՀՅԴ-ն ստացել է 664 ձայն: Այս ընտրատարածքը Գեղամավան համայնքինն է, որտեղ համայնքի ղեկավարը Վաչիկ Սաղաթելյանն է՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. ոչ մի այլ ՀՅԴ թեկնածու այս ընտրատարածքում ձայն չի ստացել. այսինքն բոլոր ընտրողները իրենց ձայնը տվել են Իշխան Սաղաթելյանին: Իսկ ահա իշխող դաշինքի թեկնածուներից այստեղ ամենաշատ՝ 68 քվե ստացել էր Վարազդատ Կարապետյանը, որն այժմ այլեւս չի հանդիսանում այս թիմի անդամ: Եվ հիմա ակնհայտ է, որ այս տարածքում իշխող ուժը կրկին խնդիր է ունենալու:
Իշխող ուժը կարող է խնդիրներ ունենալ նաեւ Կոտայքի մարզի մի քանի համայնքներում, ինչպես 2018 թվականի ընտրությունների ժամանակ: Այստեղ Աբովյան քաղաքի եւ մի քանի այլ համայնքների պարագայում քվեների մեծ մասը ստանում է ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը: 2018 թվականին թվերը բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 664 ձայն՝ ԲՀԿ, 243 ձայն՝ Իմ քայլ, 428 ձայն ԲՀԿ, 150 ձայն Իմ քայլ: Իսկ քանի որ ԲՀԿ-ն եւս հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությունների եւ հենց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ապա այստեղ եւս կարող են խնդիրներ լինել:
Շիրակի մարզի Սարատակ եւ Հայրենյանց համայնքներում եւս առավելություն են ունեցել ՀՅԴ-ականները: Սարատակում 222 ձայն է ստացել ՀՅԴ-ն, իսկ 201 ձայն «Իմ քայլ»-ը: Իսկ Հայրենյանց համայնքում 166 ձայն է ստացել ՀՅԴ-ն եւ 139 ձայն իշխող դաշինքը: Չնայած այստեղ ձայների տարբերությունը չնչին է, սակայն ամեն դեպքում դեռ հեղափոխությունից հետո այստեղ իշխող ուժը խնդիրներ ունեցել է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.