Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:
Համաձայն կարգի` վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործունեությունը երաշխավորվում է 3 տարով, եթե կազմակերպությունը համապատասխանում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սահմանած չափանիշներին:
Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ եւ պետական գրանցում ունեցող ՀՀ պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունները (հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ), կրթության ոլորտում վերապատրաստումների փորձ ունեցող, համապատասխան մասնագետներով համալրված հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները:
Ցանկում ընդգրկվելու համար դիմող կազմակերպությունների համար սահմանվում են հետեւյալ պահանջները.
l սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման համար,
l վերապատրաստումը հեռավար կամ համակցված (միաժամանակ առկա եւ հեռավար ձեւերի համադրմամբ) անցկացնելու տեխնիկական ու ծրագրային ապահովում` վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ, ուսումնանյութական բազա, կահավորանք,
l վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն մասնագիտական (առարկայական) կրթություն եւ վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում ղեկավար կամ մանկավարժական կադրերի վերապատրաստումների փորձ: Մասնագետները պետք է տիրապետեն ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման հմտություններին, ինչպես նաեւ գիտելիքներ ունենան հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական բովանդակային տեսության եւ մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
Երաշխավորվող կազմակերպությունը պետք է ապահովի՝
l ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
l վերապատրաստումների գործընթացի կազմակերպչական աշխատանքների պլանավորում եւ դասընթացի արդյունքների գնահատում,
l ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել բովանդակային եւ ֆինանսական հաշվետվություններ` կատարած աշխատանքների վերաբերյալ:
Վերապատրաստում իրականացնելու ցանկություն ունեցող կազմակերպությունները հայտարարված ժամկետներում ներկայացնում են հայտ` ըստ սահմանված ձեւի: Կազմակերպության համապատասխանությունն ուսուցիչ վերապատրաստող կազմակերպության համար սահմանված չափանիշներին որոշում է ԿԳՄՍ նախարարությունը: Այդ նպատակով մինչեւ մրցույթ հայտարարելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով, որը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում եւ գնահատում է ներկայացված փաստաթղթերը: Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով: Հայտը կարող է մերժվել կամ ընդգրկվել երաշխավորված կազմակերպությունների ցանկում 3 տարի ժամկետով: Ցանկում ընդգրկվում են առնվազն 80 միավոր հավաքած կազմակերպությունները:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից կատարվում է ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում: Եթե ուսուցիչների գնահատման արդյունքում վերապատրաստողը ստանում է 10-ից պակաս միավոր, ապա նախարարությունը քննարկում է նրա՝ որպես վերապատրաստող կազմակերպության հետագա գործունեության նպատակահարմարությունը: Բացի դրանից, կազմակերպության գործունեության արդյունավետությունը գնահատվում է իր կողմից ներկայացվող ամենամյա հաշվետվության հիման վրա, որոնց քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը երաշխավորվածների ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:
424 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 424 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 741 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 842 817, վերջին մեկ օրում` 3978 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 14287 պացիենտ. մեկ օրում նվազել է 179-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 172 096 անձ, վերջին մեկ օրում՝ 590 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3476 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 882 է:
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, շարունակվել են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ: Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: