Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: Փաշինյանը նման առաջարկով է հանդես եկել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Ես հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, եւ այդ առումով ես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն: «Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլեւ առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, եւ ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երեւանում»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաեւ անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակում առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի բացման հետ կապված հարցերին, որի արդյունքում, ըստ Պուտինի, Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Մոսկվա հրավերի համար եւ ընդգծել, որ այսպիսի կապերը շատ կարեւոր են օրակարգային հարցեր քննարկելու համար: «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարեւորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:
Ռուսական մամուլն ակտիվ արձագանքել է թե՛ «Ինտերֆաքսի»-ն տված Փաշինյանի երեկվա հարցազրույցին, թե՛ բանակցություններին:
RBK-ն «Փաշինյանը նախընտրական արշավը սկսում է Մոսկվայում» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որում հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին՝ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում եռակողմ աշխատանքային խմբում առկա տարաձայնություններից: Ռուսական պարբերականի տվյալներով՝ որոշ հակասություններ առայժմ թույլ չեն տալիս հայտարարել ինչ-որ պայմանավորվածության հասնելու մասին:
«Երեւանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջեւանը երկրի հարավում՝ Մեղրիի տարածքով, սակայն Հայաստանն առաջարկում է հիմա բացել Երեւան-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհը: Երեւանը ձգտում է, որպեսզի Մեղրիի ճանապարհի հետ միաժամանակ կառուցվի նաեւ Իջեւանի տարածքով երկաթգիծ: Այդ երկու ճանապարհներն աշխատել են խորհրդային ժամանակաշրջանում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ ավերվել: Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ սկզբում բացվի Մեղրիի ճանապարհը, իսկ հետո՝ մնացած բոլոր ճանապարհները», – նշում է RBK-ի աղբյուրը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հենց դա է, իսկ թե ով է լինելու Հայաստանի տարածքում ճանապարհի հատվածի օպերատորը, այս պահին տեխնիկական հարց է, որը դեռ չի մշակվել, սակայն հավանաբար դա կլինի «Ռուսական երկաթուղիներ»-ը:
Սրա հետ մեկտեղ ռուսական պարբերականը գրում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապասառեցման վերաբերյալ որոշման ընդունումը կարող է բարդացնել այն, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ավելի քան 140 հայ գերիների, թեեւ եռակողմ հայտարարությամբ պետք է կատարվեր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահված անձանց փոխանակում:
Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի հիմնական մրցակիցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով ունի մտերիմ հարաբերություններ Պուտինի հետ եւ վայելում է ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի աջակցությունը:
Ն.Հ.
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը: Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի եւ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաեւ Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձ են կատարել նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ Ազգային ժողովի ընդունած եւ Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
ՆԱԽԱՐԱՐԸ ԶՐՈՒՑԵԼ Է
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեսակապի ձեւաչափով զրուցել է ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Քննարկվել են առաջիկայում կայանալիք հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ հանձնաժողովի միջեւ հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:
ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Երեւանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներից մեկում պատուհանից ցած նետված 71-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են։ Երեկ ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Երեւանում գտնվող «Օրթոպեդիայի վնասվածքաբանության գիտական կենտրոնի» շենքի ետնամասի բակային հատվածում առկա է Երեւան քաղաքի՝ 1949թ. ծնված բնակչի դին: Պարզվել է, որ 71-ամյա տղամարդը ենթադրաբար իրեն վայր է նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատշգամբից: Բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաեւ նրա հիվանդության պատմագիրը:
7 ԱՄԻՍ ԱՆՑ
Անցել է 7 ամիս, եւ իրավապահ մարմիները մինչ օրս փորձում են հասկանալ, թե, ի վերջո, գազի արտահոսքից է արդյոք Զեյթունում պայթյուն եղել, թե կոնկրետ մեկը փորձել է դիտավորությամբ պայթեցնել իրեն, ինչի հետեւանքով շենքը փլուզվեց: ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է քրեական գործը, եւ ինչ են ի վերջո պարզել իրավապահները: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում տեղի ունեցած փլուզման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել: Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաեւ նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ, 1962թ. ծնված Արթուրի դին: Դեպքից հետո հարուցվեց քրեական գործ, եւ իրավապահները փորձում են հասկանալ շենքի պայթյունի առեղծվածը:
ԿԵՂԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Իրավապահ մարմինները ուշագրավ դեպք են բացահայտել: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վերնիսաժում պետական պարգեւներ են վաճառել, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել կին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիլիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա պետական պարգեւներ հափշտակելու դիտավորությամբ 2019թ. հոկտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Պուշկին փողոցի 40-րդ շենքի 98-րդ բնակարանի ննջասենյակի պահարանից հափշտակել է Մակիչ Դալլաքյանին պատկանող, պետական պարգեւներ հանդիսացող, 1945թ. պատերազմի ավարտից հետո «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Անձնվեր աշխատանքի», հաղթանակի 60, 65, 70-ամյակների հոբելյանական մեդալները եւ «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանը, ինչպես նաեւ մի շարք այլ պետական պարգեւներ եւ դրանք վաճառել «Վերնիսաժ» տոնավաճառում անհայտ անձի: