ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5-հոգանոց պատվիրակություն է գործուղում Ռուսաստան և Տաջիկստան։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի ապրիլի 26-28-ը և 29-30-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), իսկ ապրիլի 28-29-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն»,– նշված է որոշման տեքստում։
Պատվիրակության կազմում ընդգրկվել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը (պատվիրակության ղեկավար), Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը։
Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի, Արամ Թարվերդյանի, Սևակ Ղահրամանյանի, Արմեն Աբրահամյանի՝ Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) և Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսի (Ա. Գրիգորյանի Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը բիզնես դասի), օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) գտնվելու ընթացքում Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արամ Թարվերդյանի գիշերավարձը հոգալու է ընդունող կողմը։
Ապրիլի 28-ին պատվիրակության մեկնումը Մոսկվայից Դուշանբե և ապրիլի 29-ին Դուշանբեից Մոսկվա վերադարձն իրականացվելու են ռուսական պատվիրակության հատուկ չվերթով, որի ծախսերը հոգում է ռուսական կողմը.
Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը (բոլոր ծախսերը հոգալու է ինքնուրույն), որը պատվիրակությանը միանալու է Մոսկվայում: