Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն. Նիկոլ Փաշինյանի՝ մայիսմեկյան շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս անհատական ջանքով, ստեղծագործական ներուժի լիարժեք իրացմամբ: 2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով:

Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս իրականացնում ենք հետևողական քայլեր:

Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն:

Այդ գործընթացը սկսվել է և հասնելու է իր նպատակակետին՝ ի հեճուկս ճգնաժամի, պատուհասած պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների ու դժվարությունների:

Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով:

Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:




Լրահոս