Շուտով «Նոր Հայաստան» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Սրտին հակառակ», որի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու է նորահայտ դերասանուհի Էմէն Մոնան, ով մինչ այդ նկարահանվել է տեսահոլովակներում:
ArmLur.am-ը զրուցել է նորահայտ դերասանուհու հետ՝ փորձելով տարբեր կողմերից բացահայտնել նրան:
«Այն հեռուստասերիալը, որտեղ մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհուն, կոչվում է «Սրտին հակառակ», խաղալու եմ դերասան Բեն Ավետիսյանի հետ, ով մարմնավորելու է գլխավոր հերոսին: Անկեղծ ասած, Բենն ամեն ձեւով ինձ աջակցում եւ օգնում է նկարահանման հրապարակում, որպեսզի ես ինձ է՛լ ավելի ազատ եւ լավ զգամ: Ով ինձ իսկապես ճանաչում է, ասում է, որ ես իմ տեսակով շատ նման եմ եւ ընդհանուր շատ գծեր ունեմ այն հերոսուհու հետ, որին մարմնավորում եմ: Գլխավոր հերոսուհին Սոնան է, ով իր տեսակով ունի բավականին ժամանակակից մտածողություն: Ի շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի՝ հեշտությամբ եւ ավելի դյուրին եմ կարողանում աշխատել նկարահանման հրապարակում եւ հմտանալ որպես դերասանուհի, իսկ խաղընկերների մասով կարող եմ նշել, որ, որպես այդպիսին, խիստ նկատողություններ չեմ ստանում, այլ, հակառակը, ամեն ձեւ փորձում են ինձ օգնել, որպեսզի այն, ինչը որ պետք է ներկայացնեմ, հեշտ լինի»,- ասում է մեր զրուցակիցը եւ ավելացնում որ հեռուստասերիալի գաղափարն այսօր արդիական է մեր իրականության մեջ, իսկ փակագծեր ավելի բացել չի ցանակնում, քանի որ այն շուտով կլինի հեռուստաէկրանին:
Էմէն Մոնան, ով մինչ այս նկարահանվել էր միայն տեսահոլովակներում, հեռուստասերիալում նկարահանվելու եւ գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու առաջարկը ստացել է սցենարիստ Անուշ Պետրոսյանից:
Մեր զրուցակցի խոսքով՝ ներկա պահին նրա հիմնական զբաղվածությունը կապված է նոր հեռուստասերիալի հետ, այլ նախագծերում միաժամանակ հանդես գալ դեռեւս դերասանուհուն հասցնել չի հաջողվում:
Հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքը եւ ուսումը, մեր զրուցակիցը նշեց, որ դեռեւս երկուսը միասին համատեղել կարողանում է եւ խնդիրների առաջ չի կանգնում:
«Սովորում եմ Գեղարվեստական ակադեմիայի առաջին կուրսում եւ սովորելու ընթացքում միշտ էլ ունեցել եմ նկարահանումներ՝ թե՛ տեսահոլովակի, թե՛ մոդելիգի տեսքով, եւ միշտ էլ մտածել եւ պատկերացրել եմ, որ վաղ թե ուշ կնկարահանվեմ նաեւ հեռուստասերիալներում: Իսկ այս առաջարկն իսկապես ինձ համար անակնկալ էր, բայց շատ ուրախ եմ: Ֆինանսական խնդիրներ չունեմ, որի մասին կարող եմ բարձրաձայնել, ամեն ինչ տեղում է իմ կյանքում»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ
Հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ առաքելական եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց-Սահակ Պարթեւ» շքանշանակիր Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակի առթիվ մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության երեկո:
Կհնչեն Գ. Ֆ. Հենդելի վեց կոնցերտները երգեհոնի համար:
Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում էր մինչդասական շրջանի, Բախի, Հենդելի, Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլոց երկերը։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ եւ սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկել գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանմամբ։ Համերգներով հանդես է եկել նաեւ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում եւ արտասահմանում։
Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգեւոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Հայոց ցեղասպանության տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգեւոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։
«ԼԱԴԱՆԻՎԱ» ԽՈՒՄԲԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաեւ Հայաստանում, նոր մեկնաբանությամբ է ներկայացրել Էդիթ Պիաֆի «Hymne Ո l՚Amour» ստեղծագործությունը:
Երգի հոլովակն արդեն խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
«Լադանիվան» պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Երեւանում: Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Չի բացառվում, որ երեկոյին հնչի նաեւ Պիաֆի ստեղծագործությունը:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» եւ այլ հայկական երգեր:
ԿՀԵՌԱՆԱ ՊԱՇՏՈՆԻՑ
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, 42-ամյա անգլիացի Ֆրենկ Լեմպարդը հրաժարվել է գլխավորել լոնդոնյան «Քրիսթալ Փելասը». հաղորդում է Football Insieder-ը։ «Քրիսթալ Փելասի» անգլիացի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հունիսին կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Լոնդոնյան ակումբը դիտարկում է նաեւ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի թեկնածությունը։ Ամռանը հռոմեական ակումբը կգլխավորի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ 2017թ. սեպտեմբերից «Քրիսթալ Փելասը» գլխավորող Ռոյ Հոջսոնն օգոստոսին կդառնա 74 տարեկան եւ արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մտածում է մարզչական կարիերան ավարտելու մասին։ Նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը։
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍԵԼ
Հենակետային կիսապաշտպան Ֆերնանդինյոն ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են հասել համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ։ 36-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի հետ. հաղորդում է բրիտանական The Times-ը։ Իսպանացի Դավիդ Սիլվայի հեռանալուց հետո Ֆերնանդինյոն դարձավ մանչեսթերյան ակումբի ավագը։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՅԻՍԻ 23-31-Ը
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Ուզբեկստան: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (81 կգ):
ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել Լատվիայի առաջնության 7-րդ տուրից տեղափոխված խաղում։ Չեմպիոն «Ռիգան» հյուրընկալվել է «Նոա Յուրմալային» եւ առավելության է հասել 7։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ աչքի է ընկել 61-րդ րոպեին։ «Ռիգան» 11 խաղից հետո 25 միավորով երրորդ տեղում է։