Աղիքային վարակի դեպքերը շատանում են. ինչ են խորհուրդ տալիս մասնագետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում աղիքային վարակի դեպքերը շատանում են: Ի դեպ, ամռան այս ամիսներին աճում է աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացման եւ տարածման վտանգը:

Հիշեցնենք՝ հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել էր աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի: Իսկ ահա հունիսի 12-13-ը «Մարտունի» ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

Ի դեպ, ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակի 843 դեպք (Նախորդ տարում գրանցված դեպքերի քանակը կազմել է 1385), իսկ այլ մանրէային աղիքային վարակի 502 դեպք: Միայն ապրիլ ամսին չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակի 268 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 152-ով ավելացել են չճշտված եւ ենթադրյալ աղիքային վարակի գրանցված դեքերի քանակը:
ArmLur.am-ին առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը եւ վաճառքը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված դիզենտերիայի, սալմոնելոզի, շիգելոզի, իերսինիոզի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Ըստ որոշ կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Իսկ ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել, սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո ձեռքերը լավանալ օճառով, ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր եւ այլն:

Ս.Հ.




Լրահոս