ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ շարունակում է թիմում պահել առաջնորդի նկատմամբ վստահությունը. Լուսինե Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ հասկանալու համար արդյոք լինելու է խորհրդարանում:

-Տիկի՛ն Բադալյան, ի՞նչ որոշում ունեք: Պատրաստվո՞ւմ եք վերադառնալ խորհրդարան: Եթե այո, ապա ի՞նչ անելիք ունեք:

-Իհարկե, խորհրդարան վերադառնալու եմ: Ես ավելի քան վստահ եմ, որ ընտրությունները չեն կեղծվել, համենայնդեպս գոնե մեր քաղաքական թիմի կողմից որեւէիցե խախտում հաստատ չի եղել: Կարծում եմ՝ սահմանադրական դատարանը վերջնական իր որոշումը կհայտնի, եւ մենք կվերադառնանք մեր բնականոն աշխատանքին:

-Ինչո՞ւ է ընդդիմությունը պնդում, որ ընտրախախտումներ ու ընտրակեղծիքներ են եղել: Ընդդիմությունը պնդում է, որ այս իշխանությունն ընտրակեղծարարությամբ ընտրվեց:

-Նման բան պնդող դաշինքների կողմից կա՞ն ապացուցված փաստեր ընտրակեղծարարությունների, վարչական ռեսուրսների կիրառման: Իրավապահ մարմինները քննարկում են գործեր, կան հարուցված քրեական գործեր, եւ իրենք գիտեն ինչ են ասում: Համենայնդեպս մեզ համար սկզբունքային հարց է եղել ազատ եւ արդար ընտրություններն առաջին իսկ օրվանից, եւ մենք մինչեւ վերջին օրը պահելու ենք մեր այդ սկզբունքը: Հուսով եմ, որ քանի դեռ մենք իշխանության ենք, որքան ընտրություններ անցկացնեն, այնքան ազատ, արդար եւ թափանցիկ են լինելու:

-Այս ընթացքում՝ պատերազմից հետո, մշտապես նշվում է, որ հանրությունը հիասթափվել է այս իշխանությունից, վարած քաղաքականությունից եւ ամեն ինչ անելու է, որ իշխանությունը հեռանա: Արդյունքում պարզվեց հակառակը: Ինչո՞ւ:

-Որովհետեւ այդպես հանրությունը չէր ասում, այլ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ շատ կոնկրետ շրջանակներում: Հետեւաբար նրանք էլ հիասթափված են, անակնկալի են եկել, քանի որ հանրության շրջանակներում նման խոսակցություն չի եղել: Մենք ամբողջ ընթացքում մեր կապը պահել ենք հանրության հետ: Եղել ենք մարզերում, քաղաքացիների հետ ենք շփվել եւ մեզ համար անակնկալ չի եղել նման արդյունքը: Ինձ համար մի փոքր անակնկալ էր մի փոքր քիչ ձայներ հավաքելը: Ես ավելի շատ ձայն հավաքելու ակնկալիք ունեի: Սա իմ անձնական տեսակետն է: Մենք ունենք շատ լուրջ խնդիր: Վերջին տարիներին ֆեյսբուքն ու իրականությունը նույկերպ ենք ընկալում, բայց դա այնքան էլ այդպես չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս