Որոշ բուժհաստատություններում պետպատվերով բուժումը մինչև 2022 թվականը սառեցվել է։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:
Իսկ ահա ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։
Մյուս կողմից, սա ամենեւին կապ չունի պատերազմական վիճակի հետ, որովհետեւ մենք հետպատերազմական խնդիրները հաղթահարեցինք համազգային ջանքերով: Բայց մենք այսօր գործ ունենք առողջապահական ոլորտում վատ կառավարման հետ, որովհետեւ առողջապահության նախարարը մասնագիտությամբ իրավաբան է, գոնե տնտեսագետ լիներ հաշվարկները ճշգրիտ կկատարվեին, թերեւս այս պատճառով է, որ մենք հիմա ունենք այն, ինչ ունենք:
Բայց ամենակարեւորը՝ ստացվում է, որ զինվորականնները, ոչ սպայական անձնակազմը, թոշակառուները, իրավապահ համակարգի աշխատակիցները, որոնք ծառայություն են իրականացնում սահմանին, մարզերում, իրավունք չունեն հիվանդանալ, որովհետեւ փող չկա, որ բուժում ստանան: Այսինքն մինչեւ տարեվերջ ՀՀ քաղաքացու հույսը ինքն է, պետության վրա չեն կարող հույս դնել, քանի որ պետությունը չի կարող գումար գտնել եւ բուժհաստատություններին տրամադրել:
Այստեղ տեղին է հիշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքերը, որոնք հայտարարվեցին 2019 թվականի դեկտեմբերին. «Պետպատվերների համար հատկացված գումարները չէին բավականացնում պետպատվերի բոլոր շահառուներին սպասարկելու համար, նախկինում էլ այդպիսի դեպքեր եղել են, երբ հիվանդանոցին տրվել է պետպատվերի ենթադրենք 100 մլն դրամ եւ այդ 100 մլն դրամը ավարտվել է տարվա կեսին հոկտեմբերին նախկինում ինչքան հիշում եմ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ավարտված էր լինում», – նշել էր նա:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում էլ նույն պատկերն է արձանագրվել, այս անգամ պետպատվերրով բուժումը սառեցվել է ոչ թե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այլ՝ օգոստոսի 1-ից: Բայց հանուն արդարության նշենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք պետական բյուջեից դեպի առողջապահության նախարարություն ֆինանսական հատկացումները ավելացվեցին, իսկ այս դեպքում ինչ եղավ: Գուցե պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը հաշվարկները ճշգրիտ չի կատարում, որպեսզի ըստ դրա էլ վերաբաշխում իրականացնի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.