Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, պաշտոնապես երեկ այս մասին հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը, ասելով՝ թե «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում կեսօրից Ադրբեջանի ոստիկանությունն ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը»։
Ադրբեջանական կողմն էլ երեկ տեղեկություն տարածեց՝ պարզաբանելով, թե Ադրբեջանի հարկային օրենսգրքով, երկիր մուտք գործող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները հարկվում են, մասնավորապես՝ ճանպարհային հարկով, և Ադրբեջանի տարածքում միջազգային փոխադրումներ կատարելու համար։
Սակայն այդ հայտարարությունից հետո երեկ այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկություն չհաղորդվեց, թե ինչ իրավիճակ է այսօր Գորիս – Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում։ Ազգային անվտանգության ծառայությունը նոր տեղեկատվություն չի տրամադրել, իշխող ուժի պաշտոնյանները ևս խուսափում են մեկնաբանություն տրամադրել։
Նկատենք՝ իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների ստուգումների շուրջ Ադրբեջանն ու Իրանը բարձր մակարդակի քննարկումներ են վարում այժմ։ Այդ հարցը քննարկել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու այդ երկրում Իրանի դեսպանը։ Իրանցի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին ակնարկել է երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին, սակայն նախընտրել է փակագծեր չբացել:
Ավելի վաղ ադրբեջանական զինուժը փակել էր ճանապարհի նույն հատվածն ու մեկ այլ հատված՝ Շուռնուխից դեպի Կապան։ Միջպետական ճանապարհի երկու հատվածները վերաբացվեցին բանակցությունների արդյունքում։ Դրանց նաև ռուսական կողմն էր մասնակցում։
44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։
Ն.Հ.