ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրավեր չի եղել, չեմ էլ կարծում՝ կլինի, իսկ գունագեղ խրախճանք անելն անամոթություն է. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ArmLur.am լրատվականին փոխանցեց՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր Արցախի խորհրդարանը դեռևս չի ստացել: «Չնայած չեմ կարծում, թե նման հրավեր կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ազգովին գունագեղ խրախճանքներ տոնելուն, ապա պատգամավորի համոզմամբ՝ հային դա հարիր չէ: Իհարկե ճիշտ չէ անընդհատ սգի մեջ մնալ, հավելում է, բայց զոհված տղաների հիշատակի մեկ տարին պետք է ազգովին պահենք՝ մեր վարած զուսպ, համեստ, առանց անգամ անձնական բնույթի տոնակատարություններ ու խնջույքներ նշելու:

«Խրախճանք անելն անամոթություն է, անհարգալից վերաբերմունք Եռաբլուրում ու Ստեփանակերտի եղբայրական պանթեոնում հուղարկավորված քաջորդիների նկատմամբ: Առավել քան վստահ եմ՝ այդ խրախճանքի կազմակերպումը ոչ այլ ինչ է, քան շեղում հասարակությանն ավելի շատ կարևոր երևույթներից, որոնք սպասվում են սեպտեմբեր ամսվա մեջ: Այս առումով՝ իշխանությունը նաև ընդդիմությանն է թեմա տվել, որ քննադատի՝ մի կողմ թողնելով առավել կարևոր թեմաները»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նաև նշեց, որ Արցախցում արդեն սովորել ենք, որ Հայաստանի իշխանությունն անելու է այն ամենի հակառակը՝ ինչն ընդդեմ հային: «Այսինքն՝ եթե հայը տխուր է ու սգի մեջ, որոշել է պահել զոհերի հիշատակի մեկ տարին, իշխանությունը, բնականաբար, անելու է ճիշտ հակառակը: Այդ թեմայով այստեղ բուռն քննարկումներ չկան: Սեպտեմբերի 2-ին էլ Արցախի հանարապետության 30-ամյակն էր, ու իշխանությունը տոնական միջոցառում անելու քննարկում անգամ չարեց, քանզի գիտեր՝ որևէ մեկը չի ընկալի ու ընդունի դա: Հիշում եք երևի՝ ինչպես դեկտեմբերին Ստեփանակերտից ապամոնտաժեցին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղադրված եղևնին»,- եզրափակեց պատգամավոր Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս