ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանում կարտոֆիլի բարձր գները բացատրում է հանգամանքով, որ, փոխանակ տեղական սպառման շուկան ապահովելու, այն արտահանվել է, ինչն անթույլատրելի է: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե առաջնորդվենք վարչապետ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա մարդիկ «խառը կանաչի պետք է ուտեն», քանի որ «աղքատությունն իրենց գլխի մեջ է»: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը բարձրաձայնում է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված երեք գյուղեր հասնելու հարցն ամեն պահի կարող է օդում կախված մնալ, եթե հանկարծ ադրբեջանական կողմը նորից որոշի փակել ավտոճանապարհը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն օր առաջ:
-Պարո՛ն Խաչատրյան, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով ահագնանում է, իշխանությունից տարբեր կարծիքներ են հնչում՝ հաճախ ոչ տրամաբանական, թե պարենային մթերքները եթե թանկանում են, այդ հանգամանքը բացատրում են սպառման մեծ ծավալների կամ կարտոֆիլ շատ ուտելու հետ: Ձեր բացատրությունը ո՞րն է:
-Շատ հետաքրքիր են իշխանությունների մեկնաբանությունները. եթե Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ լավ բան է տեղի ունենում, ասում են՝ մենք են արել, բայց եթե ինչ-որ վատ բան է տեղի ունենում՝ կա՛մ նախկիններն են արել, կա՛մ արտաքին ոչ բարենպաստ պայմաններն են ստիպել, որ որեւէ բացասական երեւույթ արձանագրի ՀՀ-ն: Հիմա ասում են՝ ինչու է գինն այսքան բարձր, ասում են՝ որովհետեւ աշխարհում գները բարձր են, մենք ոչինչ անել չենք կարող: Եթե ոչինչ անել չենք կարող, ապա Կենտրոնական բանկն ինչներիս է պետք, եթե չի կարողանում ապահովել գների կայունությունը: Մարդիկ բառացի ասում են, որ ԲԿ-ն ոչինչ անել չի կարողանում, կախված է արտաքին աշխարհից: Պնդումները՝ իրավիճակը երկրում լավ է, գալիս է միայն իշխանությունից, եւ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչից որոշեցիք, որ լավ է: Իրենք իրենց ելույթներում ասում են, որ ամեն ինչ լավ է, բայց իրենք էլ են հասկանում, որ ամեն ինչ վատ է: Մարդկանց գնողունակություննն իրականում ընկել է, մարդկանց բարեկեցությունը չի բարձրանալու: Տնտեսական աճի թիվ են նկարում, որովհետեւ իրենց ղեկավարն այդ թիվը հնչեցրել է, բայց իրական ցուցանիշներն այդ թվին չեն էլ մոտենում: Գալիք առնվազն մեկ տարվա ընթացքում որեւէ լավ բան չի լինելու: Իսկ ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա իշխանության ՔՊ-կան տնտեսական պատգամավորներից մեկը շատ ծիծաղելի բացատրություն ներկայացրեց: Նախ կարտոֆիլը չի կարելի համեմատել խողողի հետ: Կրատոֆիլը գիֆենյան ապրանք է, խաղողը այլ գնային օրինաչափության է հետեւում: Կարտոֆիլն առաջին անհրաժեշտության ապրանք է, պարենային ապահովության ամենակորեւոր բաղադրիչներից մեկն է:
-Այս քննարկումները չեն հանգեցնում նրան, որ այդ մեխանիզմը զսպվի: Ի՞նչ անել, ի վերջո, որպեսզի նման հարցերը կարգավորվեն:
-Արմատական լուծումը իշխանություններից հրաժարումն է: Այսինքն՝ պետք է հասկականք, որ մարդիկ չեն կարողանում մինիմալ կարիքները բավարարեն՝ թե՛ անվտանգային, թե՛ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակից: Մենք պայքարում ենք խորհրդարանում՝ ներսում, փորձում ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարը համատեղել, եւ, հետեւաբար, մեր քաղաքացիներին կոչ եմ անում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք արտախորհրդարանական փողոցային պայքարի միջոցառումներին միանալ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ Է
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից վստահեցնում են, որ Միհրան Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ, նա նախաքննական մարմին չի ներկայացել, եւ քրեական գործով նրա՝ Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ չունենք: Մամուլում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Երեւան չվերթով կնոջ հետ Երեւան է վերադարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը)։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նրա նկատմամբ 3 տարի է՝ հետախուզում է հայտարարվել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Չնայած վերջինիս մտերիմներն ու դատախազությունը վստահեցնումն են, որ նա շարունակում է մնալ կալանքի տակ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Միհրան Պողոսյանը պետությանը բավականին լուրջ գումարներ է փոխանցել, ուստի ՀՀ իշխանությունները նրան ասել են, որ կարող է հանգիստ գալ Հայաստան, ուստի չի բացառվում, որ առաջիկայում Քերթինի Միհրանը վերադառնա Հայաստան: Դատելով տարածված խոսակցություներից՝ Աժ նախկին պատգամավորը իշխանության հետ գործարքի է գնացել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կիրականացվի, ըստ որի՝ սահմանված կարգով ձեռք բերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն: Այսպես, շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքում տուգանք կնշանակվի` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով: Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:
ԿԱՇԱՌՔԻ ԴԵՊՔ՝ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զարուհի Զուռնաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքներ եւ կատարել պաշտոնեական կեղծիք, Ռաման Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի վարչական տարածքում գտնվող բազալտի հանքավայրում հանքաարդյունահանման աշխատանքների կատարման թույլտվություն /լիցենզիա/ ստանալու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում նախաձեռնել է նախագծային եւ հիմնադրույթային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի եւ հաշվետվությունների փորձաքննության կատարում, որի իրականացումը հանձնարարվել է կազմակերպության գլխավոր մասնագետ /փորձագետ/ Կարինե Մովսիսյանին:
Այդ ընթացքում Ռոման Եղիազարյանը լիցենզիա ստանալու հարցում խոչընդոտները վերացնելու, իր փոխարեն համապատասխան փաստաթղթերը կազմելու եւ դրական եզրակացության ստացումն ապահովելու համար առանձնապես խոշոր չափերով՝ երկու միլիոն ՀՀ դրամ կաշառք տալու խոստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթի՝ նույն կազմակերպության գլխավոր մասնագետ /փորձագետ/ Զարուհի Զուռնաչյանի հետ՝ վերջինիս կողմից հիշյալ գործողություններն անձամբ կատարելու շուրջ:
Դրանից հետո Զարուհի Զուռնաչյանը, իրավասություն չունենալով կազմակերպության այլ փորձագետի կողմից իրականացվող փորձաքննությանը միջամտելու, կատարել է իր լիազորություններից դուրս ակնհայտ ապօրինի գործողություններ իր ծանոթ Սահարունի Գեւորգյանի միջոցով, Ռոման Եղիազարյանի փոխարեն կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի բազալտի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ, իսկ Ռոման Եղիազարյանը, պայմանավորվածության համաձայն, 2019 թվականի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւան քաղաքում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, Զարուհի Զուռնաչյանին որպես կաշառք մաս-մաս տվել է ընդհանուր երկու միլիոն ՀՀ դրամ գումար:
Ք. Մ.