Մոսկվայում այսօր տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։
Վրաստանի ներկայացուցիչները ևս հրավիրվել են, սակայն ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։
«Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմաբնույթ համագործակցության զարգացման հեռանկարները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնացնել հարթակի աշխատանքը պրակտիկ հարցերի ուղղությամբ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար։
Դրանց թվում են վստահության բարձրացման, առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ։