Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից կանոնները խախտելու համար վճարված ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամը ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել:
Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար»,- հայտնում են դատախազությունից:
Վ. Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով:
ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործընթացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:
Արդյունքում` դատախազության միջնորդագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը: