Հայաստանում կամավոր ատեստավորմանը մասնակցել են 996 ուսուցիչ, նրանց 48.3 տոկոսը հավելավճար է ստանում: Ազգային ժողովում այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:
«Ուսուցիչների գրեթե կեսի դեպքում ունենք աշխատավարձի բարձրացում: Քանի որ ունենք տարբեր արձագանքներ ուսուցիչներից` ատեստավորումը առաջին անգամ էր անցկացվում, փորձարկվում էր և խնդիրներ են մատնանշվել, որոնք քննարկել ենք և ատեստավորման առաջին փուլերի ժամանակ հաշվի կառնենք: Նաև ուսուցիչները նշել են, որ պատրաստվելով կամավոր ատեստավորման գործընթացին, բարելավվել են իրենց մասնագիտական գիտելիքները, թարմացրել են դրանք և դրական ազդեցություն է ունեցել»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման հնարավորություն ունեին դիմելու միայն որոշ առարկաներ դասավանդող ուսուցիչները:
«Շահառու ուսուցիչների 11 տոկոսն է դիմել կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց Անդրեասյանը: