ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում սուպերմարկետներում տոպրակները ոչ թե արգելվել են, այլ թանկացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները:

Նշենք, որ ավելի քան 10 օր է, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելված է, բայց չնայած սրան՝ դրանք դեռ լայնորեն կիրառվում են գրեթե բոլոր խանութներում։ Սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ վերահսկող մարմինները դեռ տեխնիկապես պատրաստ չեն ստուգել առեւտրի կետերի տոպրակների միկրոնը: Իսկ մինչ այդ՝ լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը տեղյակ էլ չէր, որ ինքն է վերահսկելու:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի հետ: Նրա խոսքով, այդ հարցը պարզաբանվել է, դրա խնդիրը չկա. ՙՀիմա զուտ տեխնիկական խնդիրներ են՝ կապված չափիչ սարքերի ձեռքբերման, դրանց ստուգաչափման հետ: Դրանք մեկ օրում էլ հնարավոր կլինի գնել, բայց դրանք նախ պետք է ստուգաչափվեն, սարքերը պետք է համապատասխան մարմինների կողմից ստուգված եւ կնքված լինեն՚:

ArmLur.am-ի հարցին՝ հնարավո՞ր չէր մինչեւ հունվարի 1-ը ձեռք բերել այդ սարքերը, Արթուր Ղավալյանն ասաց, որ վերահսկող մարմինը պետք է տեղյակ լիներ եւ նախապես պատրաստվեր: Ապա բացատրեց՝ նշելով. «Եթե օրենք է ընդունվում, բնականաբար, այն մշակման ընթացքում համաձայնեցվում է համապատասխան լիազոր մարմինների հետ, այդ դեպքում լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է: Մենք լրացուցիչ իրազեկում ուղարկել ենք արդեն հունվարին, բայց կարծում եմ լիազոր մարմինները պետք է արդեն տեղյակ լինեին փոփոխություններից»:

Տեղեկացնենք, որ այն տնտեսավարողները, որոնք հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով:

Փաստորեն հայաստանյան սուպերմարկետները գտել են վարչական տուգանքներից խուսափելու տարբերակը. պոլիէթիլենային տոպրակները կհաստանան, իսկ գինն էլ կրկնակի եւ ավել կբարձրանա: Չի բացառվում, որ այն սպառողին առաջարկվի մինչեւ 100 դրամով:
Այս հարցի առնչությամբ էլ Ղավալյանն ասաց. «50 միկրոնից ավելի տոպրակները պետք է ազատ շրջանառվեն, դրանք արգելված չեն, քանի որ երկար կարող են օգտագործվել, շատ արագ չեն շարքից դուրս գալիս կամ պատռվում: Դրանք բազմակի անգամ կարելի է օգտագործել, ամուր են: Եթե տոպրակը լինի մի քիչ թանկ՝ 50-60 դրամ, ապա այդ գնումները տուն տանելուց հետո այդ տոպրակը դժվար քաղաքացու կողմից դեն նետվի»:

Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ին փոխանցեցին, որ բավականին լուրջ գործիքակազմ եւ ռեսուրսներ է պետք ներառել այդ գործում: Ավելին, պարզվում է, որ առաջիկա օրերին է միայն քննարկվելու այս հարցը վերադաս մարմնի հետ, ինչից հետո պարզ կդառնա, թե ինչ ընթացակարգով, ինչ հերթականությամբ ու հաջորդականությամբ է այդ ամբողջն արվելու: Հիշեցնենք՝ օրենքն այս տարվա հունվարի 1-ից է գործու, բայց արդեն 11 օր է, ինչ վերահսկող մարմինները՝ եւ համայնքապետարանները, ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ՝ սարքեր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս