Ղրիմում զորավարժություններն ավարտվում են, զորքերը մասամբ հետ կքաշվեն. նոր զարգացումներ Ուկրաինայի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի շուրջ իրադարձությունները շարունակում են մնալ էպիկենտրոնում: «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել», – երեկ Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններին հետևած համատեղ մամուլի աուլիսին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատերա՞զմ է ուզում, Պուտինը պատասխանել է. «Իհարկե, ոչ։ Հենց դրա համար էլ մենք ներկայացրել ենք առաջարկներ, որոնք նախատեսում են բանակցություններ, որոնց արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում` մեր երկրի համար անվտանգության հավասար ապահովման շուրջ պայմանավորվածությունը»:

Արևմուտքը, ինչպես և Մոսկվան հայտարարում է, որ բանակցությունների միջոցով ուկրաինական այս աննախադեպ ճգնաժամը կարգավորելու հնարավորություն դեռ կա։ Դրան զուգահեռ, սակայն երեկ Վաշինգտոնը հայտարարեց, թե ամերիկյան դեսպանությունը ժամանակավորապես Կիևից տեղափոխում է երկրի արևմտյան մաս՝ Լվով` ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին:

Այսօր էլ Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև:  Երկու գործիչների առաջին անձնական հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքն անտեսել է Մոսկվայի հիմնարար անվտանգության պահանջները, այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է առանձին հարցերի շուրջ բանակցել՝ Եվրոպայում նոր ռազմական հակամարտությունից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղրիմում զորավարժությունների ավարտի մասին։ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները թերակղզում վարժանքներից վերադառնում են իրենց տեղակայման կետերը, հաղորդում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Ն.Հ.




Լրահոս