Ապրիլի 30-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում։ Նաև, ըստ տեղեկությունների, վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա:
Մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով:
Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ:
Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է:
Չորսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվել են մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերվել են նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով:
Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: