«Ինձ չեն վախեցնի». Նոր գործընթաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ. հորդորել են դիմում գրել, թե չէ….

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր գործընթաց է սկսվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ: ArmLur.am֊ին հասած լուրերի համաձայն՝ նրան ներքին կարգով ասել են, թե դիմում գրի եւ ազատվի ԲԴԽ նախագահի պաշտոնից, եթե ոչ, ապա գործընթացներ կսկսվեն նրա դեմ: Մասնավորապես, կարգապահական վարույթ կհարուցեն եւ այդ ճանապարհով կկասցնեն  լիազորությունները: Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Armlur.am-ի հետ զրույցում, Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ինձ չեն վախեցնի, այլ կդրդեն ավելի պայքարել: Այսքանը»:

Իսկ ինչ հիմքով են պատրաստվում Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։

Բանն այն է, որ Ռուբեն Վարդազարյանը armdaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում համարվել էր Սահմանադրությանը համապատասխանող:

«Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ… Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»,- ասել էր նա կայքի հետ զրույցում:

Արդյունքում, ԲԴԽ-ում համարել են, որ Ռուբեն Վարդազարյանը խախտել է դատավորի էթիկայի կանոնները, ու Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ մեկ այլ անդամի միջոցով Ռուբեն Վարդազարյանին առաջարկել է ինքնակամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե ոչ, ապա նրա նկատմամբ կսկսվի գործընթաց: Ինչեւէ սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս